2017-ի նոյեմբերին ստրագրված և 2018-ի հունիսի 1-ից անցումային կիրարկման մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը այդպես էլ միս ու արյուն չի ստանում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ այն ոչ միայն չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ, այլև քաղաքական իմաստով կորցնում է իր երբեմնի հմայքը և փայլը:
Ըստ նրա, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության տկարությունը շարունակում է խորանալ ոչ միայն ղարաբաղյան, ռուսական կամ եվրասիական, այլև եվրոպական ուղղությամբ:
«Իշխանափոխությունից հետո խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ, և այլևս իրատեսական չէ նոր կառավրության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային գործելաոճի հետևանքով: Նիկոլական զլմները կարող են շարունակել ներքին սպառման էժանագին շոուները, սակայն հետիշխանափոխական ֆիասկոն այլևս իրականություն է:
Առանց այդ էլ զգալի ուշացումով, սիրողականությամբ և դանդաղկոտությամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2018-ին ևս չկարողացավ հաստատել այդ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը, ինչը իրենց իսկ օրոք նախատեսված էր իրականացնել անցյալ տարի դեկտեմբերին կառավարության որոշման տեսքով:
ԵՄ-ում ունեցած իմ աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի կառավարության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագիծը ենթարկվել է անխնա քննադատության Բրյուսելում և լրացուցիչ լրամշակման անհրաժեշտություն է առաջացել: Դրա մասին է վկայում նաև Նիկոլ Փաշինյանի ելույթը համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի անցյալ տարվա դեկտեմբերի նիստին: Իդեպ այդ նիստին զավեշտալի պատճառաբանությամբ ինձ չէին հրավիրել, թեպետ ես դեռ ի պաշտոնե հանդիսանում էի այդ հանձնաժողովի անդամ»,-ասվում է գրառման մեջ:
Աշոտյանը հավելել է, որ իրեն չէին հրավիրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ստիպված չլինի պատասխանել իր համար տհաճ և «կառավարության անաշխատունակությունը մերկացնող հարցադրումներին»:
Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:
Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։