Մամեդյարովի հայտարարությունը Բաքվի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները վկայում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացին պաշտոնական Բաքվի պատրաստ չլինելու մասին: Այս մասին NEWS.am-ին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանցի նախարարի հայտարարությունները:
«Մամեդյարովի հայտարարությունները կարելի է գնահատել ոչ այլ կերպ, քան Բաքվի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսեւորում: Անհասկանալի է, թե սա ո՞ւմ հանդեպ է անհարգալից վերաբերմունք՝ մե՞ր, թե՞ ինքն իր: Ադրբեջանի ԱԳ նախարարը որպես մեծ զիջում խոստանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ինքնակառավարումը: Իսկ ի՞նչ է՝ հիմա դրանից զրկվա՞ծ ենք: Համանման հայտարարություններին զուգահեռ՝ Բաքուն շարունակում է պատերազմով սպառնալ: Չիրականացված երազանքներին դիմելու փոխարեն, Ադրբեջանի իշխանությունները պետք է փոխեն հռետորաբանությունն ու մոտեցումները, պաշտոնական Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններ սկսեն: Սա մեծ քայլ կլիներ դեպի սուբստանտիվ բանակցություններ, ինչպես սիրում է արտահայտվել Մամեդյարովը»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի առաջարկած սցենարը նախատեսում է հաջորդ քայլով Ռամիլ Սաֆարովին Ղարաբաղի գեներալ-նահանգապետ նշանակումը: «Այդ ժամանակ «ֆիզիկական անվտանգության ապահովման» իմաստով ամբողջական լրակազմ կլինի: Ցավալի է, որ պաշտոնական Բաքուն իր պատրանքներից չի կարողանում հրաժարվել եւ նույն ոգով է շարունակում: Ադրբեջանի իրական նպատակները չեն փոխվել»,- շեշտեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը: