ՀՀ-ն չի կառուցում մի երկրի հետ հարաբերություները ի վնաս այլ երկրների. ԱԳՆ
Հայաստանը մի երկրի հետ երկկողմ հարաբերություններ չի կառուցում ի վնաս մյուս երկրների: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությունը:
Հիշեցնենք, Կարասինը նախօրեին ասել էր, թե Մոսկվան հույս ունի, որ ՀՀ նոր ղեկավարությունը քաջություն կունենա, որպեսզի դիմակայի ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը, և ինքնուրույն որոշումներ կկայացնի: «Երկրում այս տարի նախատեսված արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը գնալով ավելի անքաղաքավարի է դառնում»,- ասել էր նա:
Աննա Նաղդալյանը հիշեցրել է, որ պաշտոնական Երևանը բազմիցս է ասել, որ Հայաստանը հետևողականորեն իր հարաբերություններն է կառուցում այլ երկրների հետ սուվերեն հավասարության սկզբունքի հիման վրա:
«Մենք չենք կառուցում մի երկրի հետ հարաբերություները ի վնաս այլ երկրների: Այդ դիրքորոշումը հետագայում ևս մեր արտաքին քաղաքականության հիմքում»,- հավելել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: