Ղարաբաղի հարցում որևէ նոր բան չկա. Նիկոլ Փաշինյան
Ղարաբաղի հարցում որևէ նոր բան չկա: Այս մասին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ակտիվությունն այնքանով է, ինչ դուք տեսնում եք: Այսօրվա ակտիվությունը կարող ենք ցածր համարել»,- նշեց նա:
Անդրադառնալով Էլմար Մամեդյարովի հայտարարությանը նա նշել է, որ Միլանում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարություն են համաձայնեցրել և ընդամենը ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցվել: Փաշինյանի խոսքով, այդպիսի հայտարարություններ վերջին 25 տարիներին բազմաթիվ են եղել:
Վարչապետի պաշտոնակատարը նաև հայտարարել է, որ իրեն զարմացնում են էհայաստանցի մի շարք մեկնաբանների հայտարարությունները, թե Ղարաբաղի շուրջ ինչ-որ դավադրություն կա:
«Ինձ անկեղծ ասած դա զարմացնում է: Ինչո՞ւ այդպիսի կանխավարկած, ինչո՞ւ չկա կանխավարկած, որ գուցե Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»,- հարցադրում ուղղեց նա:
Վերջում Փաշինյանը հավելեց.
«Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես, մեր կառավարությունը պաշտոնական բանակցային որևէ գործընթացի չենք մասնակցել: Մենք երկու անգամ զրույց ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ»:
Հիշեցնենք, քաղաքագետ Ստեփան Դանիելյանն այսօր հայտարարել է, որ իր տպավորությամբ, հեղափոխության իմաստը սկսվում է փոխվել, մոտենում ենք դավադրության տեսություններին: