Հանրային ռադիոյում կրքերը չեն հանդարտվում․ Մարկ Գրիգորյանը հրաժարակա՞ն է տալու
Հանրայինում կրքերը չեն հանդարտվում: Այսօր Հանրային ռադիոյի անձնակազմը վերջապես կարողացավ հանդիպել գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ, ով ժամեր առաջ էր վերադարձել հերթական ուղեւորությունից, եւ խոստովանեց, որ իրեն հասցեագրված մեղադրանքներին նույնիսկ չի ծանոթացել, ինչը ռադիոյի աշխատողների համար վիրավորական է:
Այս մասին նասված է Հանրայինի աշխատակիցների հայտարարության մեջ։ "Մի քանի տասնյակ աշխատակիցների խումբը պահանջեց նրանից հրաժարական տալ՝ չցանկանալով լսել եւ ոչ մի պարզաբանություն: Ռադիոյի աշխատակիցները կանգ չեն առնի եւ կբացահայտեն նոր գաղտնիքներ՝ դրածո տնօրենի եւ նրա վերադասի գործողությունների մասին: Այսօր 16:30-ի Մարկ Գրիգորյանի գործողություններից է կախված աշխատակիցների հետագա քայլերը", - ասված է հայտարարության մեջ:
Հանրային ռադիոյում լուրեր են պտտվում, որ ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը պատրաստվում է հրաժարական տալ: «Ժամանակը կգա, ամեն ինչ կիմանաք: Ես ոչինչ չեմ մեկնաբանում», - ասել է Գրիգորյանը:
Նշենք, որ այսօր առավոտյան Հանրային ռադիոյի տասնյակ աշխատակիցներ հանդիպում են ունեցել տնօրենի հետ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Աշխատակիցներից մեկի փոխանցմամբ՝ Մարկ Գրիգորյանը լուռ լսել է բոլոր դժգոհությունները, խոստացել մինչև ժամը 16:30-ը վերջնական պատասխան տալ նրանց։
Մարկ Գրիգորյանը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի որոշմամբ: 2016 թվականից Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդականն է եղել: