24.11.2024
«Իմ քայլը»՝ 69,4%, ԲՀԿ՝ 5,7%, ԼՀԿ՝ 3,8%. Gallup-ի հարցումը քվեարկությունից առաջ
prev Նախորդ նորություն

ՌՈ վարորդը 14 տարի աշխատանքի չի ներկայացել, բայց Լեւոն Սարգսյանի վարորդն է եղել. ՔԿ

Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք ձեռք բերելու կամ իրացնելու և առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել մեկ այլ հանցագործության՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների կողմից իշխանությունը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու վերաբերյալ:


Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հատուկ նշանակության վաշտի հատուկ նշանակության դասակի ռազմական ոստիկան-վարորդը, ով հետագայում նույն զորամասում նշանակվել է որպես պահպանության և սպասարկման վաշտի պահպանության և սպասարկման դասակի ռազմական ոստիկան, շուրջ 14 տարի՝ 2004 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 17-ը, չի հաճախել աշխատանքի և չի կատարել աշխատանքային իր պարտականությունները։ Փոխարենը, վերջինս անձնական վարորդի ծառայություններ է մատուցել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Լ.Սարգսյանին:


Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ համապատասխան ընթացք չեն տվել զինծառայողի աշխատանքի չհաճախելու հանգամանքին, ավելին՝ նրան վճարվել է աշխատավարձ, փոխհատուցվել արձակուրդի գումարը, իսկ 2018 թվականի մայիսի 17-ին հատկացվել արձակման նպաստ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով պահեստազոր արձակվելու կապակցությամբ :


Քննության արդյունքներով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։


Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով , առգրավվել են քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր:


Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրենք լրացուցիչ։