24.11.2024
Նոր արտոնություններ բիզնեսին. շուրջ 4 մլրդ դրամի ներդրումներ են լինելու
prev Նախորդ նորություն

«Իմ քայլը»՝ 69,4%, ԲՀԿ՝ 5,7%, ԼՀԿ՝ 3,8%. Gallup-ի հարցումը քվեարկությունից առաջ

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում քվեների առյուծի բաժինը՝ 69,4 տոկոս կստանա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է «GALLUP International association»-ի հայաստանյան անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը:


Նրա խոսքով, երկրորդ տեղը, սակայն շատ մեծ տարբերությամբ կզբաղեցնի Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5,7 տոկոս: «Ըստ հարցման՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ կարող է ստանալ 3,8 տոկոս, «Սասնա ծռերը»՝ 1,4 տոկոս, ՀՀԿ-ը՝ 1,3 տոկոս, ՀՅԴ-ը՝ 1,2 տոկոս, «Մենք» դաշինքը՝ 0,8 տոկոս, ՕԵԿ-ը՝ 0,4 տոկոս: Իսկ «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցությանն աջակցություն են հայտնել հարցվածների 0,3 տոկոսը, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 0,1 տոկոսը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը՝ 0,0 տոկոս», - նշում է նա՝ հավելելով, որ հրաժարվել են պատասխանել հարցվածների 8,7 տոկոս, դժվարացել են պատասխանել 7 տոկոսը:


Արամ Նավասարդյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին տեղյակ են հարցվածների 99.5%, իսկ 91,4 տոկոսը տեղյակ է եղել նաեւ, թե որ օրն է լինելու ընտրությունը:


Թե ովքեր են մասնակցում խորհրդարանական ընտրություններին, քաղաքացիների 86.6%-ը նշել է «Իմ քայլին», 63.4 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 55.5 տոկոսը՝ ՀՀԿ-ին, 42,3 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան»-ին, 34,5 տոկոսը՝ ՀՅԴ-ին, 29,4 տոկոսը՝ ՕԵԿ-ին: 17,4 տոկոսը՝ «Սասնա ծռերին», 17 տոկոսը՝ «Մենք» դաշինքին: 6,9 տոկոսը՝ ՔՈ կուսակցությանը, 7,5 տոկոսը՝ ՔԺՎԿ-ին եւ Ազգային առաջընթաց կուսակցություն՝ 2,5 տոկոսը: Ընդ որում, այս առումով ամենամեծ աճը գրանցել է «Լուսավոր Հայաստանը»:


Քաղաքացիների 66,8 տոկոսը նշել է, որ հետեւում է քարոզարշավին, իսկ 33,2 տոկոսը չի հետեւում:


Հարցին, թե մասնակցելո՞ւ եք ընտրություններին, 75,5 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է: «Ավելի շուտ մասնակցելու եմ» պատասխանը տվել է հարցվածների 14,6 տոկոսը, «ավելի շուտ չեմ մասնակցելու» տարբերակն ընտրել է 2,7 տոկոսը եւ հաստատ չի մասնակցելու 5,7 տոկոսը: «Մեր կանխատեսումներով շուրջ 75 տոկոսը կմասնակցի ընտրություններին», - ասաց Նավասարդյանը:


Նշենք, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 1-4-ը, մասնակցել է 1100 քաղաքացի: Սխալմունքը 3 տոկոսի սահմաններում է: Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով:


Այս ամիս անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստանալու է 69,4 տոկոս ձայն․ անցյալ ամիս կատարած հարցման հետ համեմատած՝ «Իմ քայլը»-ին ընտրողների տոկոսը բարձրացրել է 1,1 տոկոսով․ նոյեմբերին այս թիվը կազմել է 68.3%:


Հիշեցնենք, 2018 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններից առաջ նույն «GALLUP International association»-ի իրականացրած հարցումների համաձայն՝ Իմ քայլը դաշինքը ստանալու էր ձայների 39.9 տոկոսը, այնինչ ստացավ 81.6 տոկոսը:


Մինչ քարոզարշավի մեկնարկը՝ սեպտեմբերի 3-9-ը, սույն կազմակերպության անցկացրած ուսումնասիրության համաձայն, հարցին՝ որ կուսակցությանն են պատրաստվում ձայն տալ, հարցվողների 39.9 տոկոսը, ըստ Արման Նավասարդյանի՝ նշել է՝ քվեարկելու են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին: Երկրորդ հորիզոնականում 11.8 տոկոսով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր: