ԱԺ ընտրություններին մասնակցող 11 ուժերից հինգը կողմնակից են արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձերի: Եվ այս իմաստով ամենակտրուկ դիրքորոշում ունեցող ուժը «Սասնա ծռեր» կուսակցությունն է: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը՝ ներկայացնելով կուսակցության կողմից ուսումնասիրության արդյունքները, որի թիրախում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի արտաքին բաղադրիչն է:
Նրա խոսքով, «Սասնա ծռեր» կուսակցությունը մշտապես հանդես է եկել Հայաստանի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին, ինչպես նաև հայտարարել, որ Հայաստանից պետք է դուրս բերվեն ռուսական սահմանապահ զորքերը և ռազմաբազան: «Մենք» դաշինքը նույնպես կողմնակից է, որպեսզի ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից՝ նշելով, թե այս ինտեգրացիոն միությունը ոչինչ մեր երկրին չի տվել: Նորահայտ «Քո» կուսակցության նախընտրական ծրագրում նշված է, որ ՀՀ- ՌԴ-ի միջև գործող երկկողմ պայմանագրերը պետք է վերանայվեն, մասնավորապես խոսքը Գյումրու ռազմաբազայի և ռուսական սահմանապահ զորքերի մասին է.
«Սա, մեր կարծիքով, ոչ ստանդարտ և ոչ բալանսավորված մոտեցում է, սակայն այն ևս իրավունք ունի գոյություն ունենալ»,- ասաց Ղուկասյանը՝ մատնանշելով, որ իրենց քաղաքական ուժը արտաքին վեկտորում կողմնակից է բալանսավորված քաղաքականության և գտնում է, որ Հայաստանի յուրաքաչնյուր կտրուկ ռևերս՝ կապված թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, վտանգավոր է երկրի համար և չի բխում մեր պետական շահերից:
Անդրադառնալով ևս մեկ նորահայտ ուժի՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությանը, Ղուկասյանը հիշեցրեց, որ այս կուսակցությունը բոլորովին վերջերս հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն դա դիկտատորների ակումբ է: Այս ուժը ևս արտաքին հարաբերություններում արևմտյան մոդելի կողմնակից է՝ ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ու զարգացման: Եվս մեկ ուժ, ըստ նրա, արժանի է դիտարկման. Դա քաղաքագետ Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունն է, որը հայտարարում է, որ աջակցում է «Սասնա ծռեր»-ին և որ իրենք հայակենտրոն են.
«Հարց է առաջանում՝ ինչպես կարող են լինել հայակենտրոն, բայց աջակցեն մի ուժի, որը կտրուկ քաղաքականության և կտրուկ քայլերի կողմնակից է»,- ասաց նա:
Բանախոսն ընդգծեց՝ քաղաքական ուժերի մոտեցումները կարևոր են ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության մասով և հույս ունենանք, որ ընտրողն իր ընտրությունը կկատարի քաջ գիտակցելով, որ երկրի շահերից է բխում ընտրել այն ուժերին, որոնք բալանսավորված արտաքին քաղաքականության կողմնակից են:
Արման Ղուկասյանի խոսքով՝ կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ԱԺ-ում մեծամասնություն կլինի, բայց այստեղ կարևոր է գիտակցումն այն բանի, որ անգամ այն ուժերը, որոնք նախկինում արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ ռևերսների կողմնակից էին, իշխանության գալով մեղմացրել են այդ մոտեցումները՝ վեր դասելով պետության շահը.
«Ես կարծում եմ, որ այս անգամ ևս ականատեսը կլինենք նման մոտեցման՝ որ ուժերն էլ ներկայացված չլինեն ԱԺ-ում, նրանք խոհեմ կգտնվեն և կտրուկությունը կզիջի ազգային ու պետական շահի գիտակցմանը»,-հավելեց նա:
Ասուլիսի հաջորդ բանախոսը, կուսակցության անդամ, քաղաքագետ Լևոն Ռուխկյանն էլ նշեց, որ այս քարոզարշավն աննախադեպ էր և աչքի ընկավ թե՛ դրական, թե՛ բացասական կողմերով: Դրականն այն է, որ քարոզարշավի ընթացքում ավելի զարգացավ բանավեճի մշակույթը, ինչը հնարավորություն կտա ընտրողներին հստակ պատկերացնել, թե ում է ընտրելու: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ շատ լուրջ դերակատարություն ունեցան տեխնոլոգիաները, որոնք բոլոր թեկնածուներին ավելի հասանելի դարձրեցին հանրությանը՝ թեկնածուների ուղիղ եթերների, քայլարշավների, հայտարարությունների միջոցով: Երրորդ դրական միտումն այն է, որ հասարակությունը մեծ հույսեր ունի այս ընտրություններից, քանի որ դրանց արդյունքների կեղծվելու սպառնալիքը հնարավորինս նվազագույնի է հասցվել.
«Մենք չենք կարող լիովին բացառել ընտրակաշառքի գործոնը, սակայն ակնհայտ է, որ նախորդ բոլոր ընտրությունների համեմատ այս ընտրություններում ընտրակաշառքը համատարած չէ»,- նշեց Ռուխկյանը:
Ինչ վերաբերում է բացասական դրսևորումներին, ապա բանախոսի խոսքով՝ անթույլատրելի է, երբ քաղաքական ուժերը պայքարում են երկրորդ տեղի համար, իսկ այսօր հենց այդ միտումն է նկատվում: Նա նշեց, որ քաղաքական ուժը, որը հանդես է եկել կոնկրետ ծրագրով, ձայն է ստանալու հենց այդ ծրագրի համար, իսկ երբ հայտարարում է, որ պայքարում է ընդամենը երկրորդ տեղի համար, ապա դա նվազեցնում է իր գաղափարների կարևորությունը՝ մեսիջ ուղարկելով ընտրողին, որ այն կյանքի չի կոչվելու: Բացի այդ, ընդունելի չէ, երբ որոշ քաղաքական ուժեր իրենց քարոզչությունը կառուցում են նախկին իշխանությունների սխալները քննադատելու վրա, փոխարենը ներկայացնեն իրենց անելիքն ու ասելիքը:
«Ցավոք, չենք կարող ասել, որ այս քարոզարշավի ընթացքում չեղան այնպիսի երևույթներ, ինչպիսիք են քաղաքական ուժերին իրենց քարոզչությունն իրականացնելու գործընթացում խոչընդոտելը, վարչական ռեսուրսի կիրառումը և այլն»,- հավելեց նա: