24.11.2024
Պուտինի առաջարկով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի հաջորդ տարի. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական ռազմական կապերը` ՀՀ-ի անվտանգության «ողնաշար»

Հայաստանն ու Ռուսաստանը ավարտում են Երևանին «Սու-30ՍՄ» կործանիչների մատակարարման շուրջ պայմանագրի կնքման գործընթացի նախապատրաստումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին:


«Մենք ձգտում ենք, որ դա շատ արագ տեղի ունենա: Մոտենում ենք պայմանավորվածության ստորագրման ավարտական փուլին: Ներպետական ընթացակարգեր են տարվում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում», - ասել է Տոնոյանը ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:


Տոնոյանի խոսքով՝ երկու երկիրն էլ ներպետական մակարդակով ավարտում են սպառազինում ձեռք բերելու նպատակով Հայաստանին 100 մլն դոլարի ռուսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի կնքման ընթացակարգերը, հատկապես՝ որոշակի տեսակի տեխնիկայի մատակարարման հարցում:

Տոնոյանի հայտարարությունը շատ կարևոր մեսիջ է առ այն, որ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը շարունակում է ընդլայնվել: Շնորհիվ ռուսական վարկի հայկական բանակը ձեռք է բերում ռազմաօդային ուժերին այդքան անհրաժեշտ կործանիչներ, որոնք թույլ կտան պահպանել Ադրբեջանի հետ բալանսը նաև օդում: Չմոռանանք, որ Ադրբեջանը պայմանավորվածություն է ձեռք բերել Պակիստանի հետ JF-17 կործանիչների գնելու հետ կապված:


ՌԴ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում իր միակ ռազմավարական դաշնակցի` ՀՀ-ի զինված ուժերի ամրապնդման քաղաքականությանը: Հայ-ռուսական ռազմա-տեխնիկական համագործակցությունը թույլ է տալիս հայկական բանակին մինիմալ ծախսերով ՀՀ-ն զենքեր է գնում Մոսկվայից ներքին գներով, պահպանել բալանսը միլիարդավոր դոլարներ բանակի վրա ծախսող Ադրբեջանի հետ:


Ռազմական փորձագետները բազմաթիվ անգամ շեշտել են, որ ՀՀ-ն պետք է ամրապնդի իր օդուժն ու հավասարակշռի Բաքվին նաև օդում:

Ռուսական կողմից տրամադրվող վարկը թույլ կտա գնել նորագույն զինատեսակներ, մինչդեռ այլ երկրներից նմանատիպ զենքերի գնումը ՀՀ-ի բյուջեի վրա հարյուրավոր միլիոններ կարժենար: Բացի այդ, հայկական բանակի զինանոցում գտնվում են հիմնականում խորհրդային, ռուսական զենքեր և զինատեսակներ` ՆԱՏՕ-ական որևէ երկրից զենքերի ձեռք բերումը կպահանջեր մասնագետների պատրաստում, պայմանագրային բազա, ինչը կբարդացներ նաև Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները` Արևմուտք-ՌԴ, ՆԱՏՕ-ՌԴ ընդհանուր դիմակայության կոնտեքստում:


Անկախ ՀՀ-ում ԱԺ ընտրությունների արդյունքից Երևանը պետք է շարունակի ամրապնդել ռազմական կապերը Մոսկվայի հետ` ստեղծի սեփական ռազմական արդյունաբերությունն ու պատրաստվի լայնածավալ ռազմական գործողությունների Ադրբեջանի հետ: