Պուտինի առաջարկով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի հաջորդ տարի. Փաշինյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է, որպեսզի դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացվի, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի շուրջ քննարկումները շարունակվեն աշխատանքային ընթացակարգերով: Այս մասին Վայոց ձորում քարոզարշավից հետո հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը:
«Ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ, որ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Քննարկումների արդյունքում պարզվեց, որ հիմա էլ կոնսենսուս չկա, և Աստանայի պատկերը կրկնելը իմաստ չունի, դա կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետևյալն է. մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսային կարգով լուծումներ գտնենք»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, ավելի վաղ ռուսական RBC գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը կայանալու է 2019 թվականին: