ԱԺ ընտրությունները` կուսակցությունների լիդերների վարկանիշների պայքար
«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գալիք ԱԺ ընտրություններին գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ցուցակում ընդգրկված են նաեւ մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝ լրագրողներ ու սպորտսմեններ:
Գալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ֆավորիտը «Իմ քայլը» դաշինքն է` առաջին հերթին ցուցակը գլխավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշի շնորհիվ: Ցուցակում ընդգրկված բազմաթիվ գործիչներ, հիմնականում երիտասարդներ, հայտնի դարձան թավշյա հեղափոխության շնորհիվ, որպես Փաշինյանի թիմակիցներ հայտնվելով կառավարությունում ու զբաղեցնելով նախարարական պորտֆելներ:
«Իմ քայլը» դաշինքը, փաստորեն, ցանկանում է դառնալ ՀՀ-ի ամենամասայական կուսակցությունը`մարզերում, քաղաքներում ունենալով իրենց ներկայացուցիչներին:
Ցուցակի մեծամասնությունը հանրության լայն զանգվածներին քիչ հայտնի դեմքեր են մի քանի բացառություններով` Սասուն Միքայելյան, Ֆելիքս Ցոլակյան, Շիրակ Թորոսյան: Հետհեղափոխական շրջանում կառավարության երիտասարդ անդամները դժվար թե մեծ ճանաչելիություն ձեռք բերեին հատկապես ՀՀ մարզերում:
Այս ընտրությունները լինելու են Երևանի քաղաքապետի ընտրությունների «մոդելով»` Նիկոլ Փաշինյանն աջակցելու է իր թիմակիցներին տեղերում, ելույթ ունենալով նրանց հանրահավաքներին, կոչ անելով քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին:
Փաշինյանի ճանաչելիության և հանրային դրական ընկալման շնորհիվ միայն «Իմ քայլը» դաշինքը կկարողանա մեծ թվով ձայներ ստանալ:
Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մարզերում բավականին ուժեղ դիրքեր ունեն ՀՀԿ-ն ու հատկապես ԲՀԿ-ն` իրենց վարչական, տնտեսական և այլ լծակներով:
Գալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավը լինելու է շատ կարճ` 12 օր և դրա ընթացքում թեկնածուների համար բավականին բարդ կլինի հանրության լայն շրջաններին ներկայացնել կուսակցությունների ծրագրերը, ՀՀ-ի զարգացման իրենց տեսլականն և այլն:
Այս ընտրությունները լինելու են կուսակցության, դաշինքների լիդերների պայքար` հանրության մեծամասնությունը քվեարկելու է այս կամ ուժի լիդերի հանգամանքը հաշվի առնելով. ԲՀԿ-ի պարագայում դա Գագիկ Ծառուկյանն է, «Իմ քայլը» դաշինքի պարագայում` Նիկոլ Փաշինյանը: