Նախորդ կառավարության շարունակությունն եք և դա ոչ թե մեկ քայլ առաջ, այլ հետ է. Բաղդասարյան
2019 թվականի բյուջեում ես չեմ տեսնում արտացոլված ապրիլ-մայիս ամիսներին հանրահավաքներում տրված այն խոստումները, որոնց միջոցով դուք եկաք իշխանության: Ավելին՝ անգամ նշումներ չկան, որ ապագայում այդ խոստումները կիրականացվեն: Այս մասին ԱԺ-ում 2019 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, այս ամենից հարց է ծագում՝ ի՞նչ է փոխվել կամ ինչո՞վ է Նիկոլ Փաշինյանի կառավարության բյուջեն ու վարած քաղաքականությունը տարբերվում նախորդ իշխանությունների օրոք առկա իրողություններից.
«Դուք ընդամենը շարունակությունն եք ու սա ոչ թե մեկ քայլ առաջ է, այլ մեկ քայլ հետ»,- ասաց նա, զգուշացնելով, որ մի շարք ոլորտներում, օրինակ հանքարդյունաբերությունում, մեծ ռիսկեր կան, որոնք չեն գնահատվել ու չեն արտացոլվել այս բյուջեում:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով, եթե այս բյուջեն պետք է լիներ նախորդ կառավարության եռամսյա ծրագրի շարունակությունը, ապա ավելի տրամաբանական կլիներ չլուծարել Ազգային ժողովը, որը օգտակար կլիներ այն իրականացնելու համար: Պատգամավորը հարց հնչեցրեց՝ դուք ունե՞ք այն կադրային բանկը կամ պրոֆեսիոնալիզմը, որ կարողանաք որդեգրած բյուջեն իներցիոն ձևով շարունակել.
«Ես կասկածում եմ… կապրենք, կտեսնենք»:
ՀՀԿ-ական պատգամավորը նաև ասաց, թե իր կապերը կօգտագործի, որպեսզի Հայաստան ներդրումներ բերի, բայց արդյոք իրավական տեսանկյունից այդ ներդրումները պաշտպանվա՞ծ կլինեն՝ այս ամենը տեսնելով: