24.11.2024
Ընդունել եմ ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցելու առաջարկը. Դավիթ Շահնազարյան
prev Նախորդ նորություն

Վերին Լարսից մինչեւ ՌԴ սահման մի քանի կիլոմետրանոց խցանումներ են գոյացել. հայտնի է պատճառը

Վերին Լարսում կուտակումների հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:


Նշվում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են:


Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական մեքենաների քանակը հերթում կազմում է 1/5-ը:


Նշենք, որ նոյեմբերի 11-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել հայ վարորդներից, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահման մի քանի կիլոմետր երկարությամբ խցանումներ են գոյացել:


Վերին Լարսում խցանումների մեջ գտնվող վարորդները Shamshyan.com-ի հետ զրույցում ասել էին. «Արդեն 3-4 օր է՝ անորոշության մեջ ենք հայտնվել: Չգիտենք՝ ինչ անենք, ում դիմենք: Անգամ սննդի կարիք ունենք… Ռուս սահմանապահները մեքենաների հերթն առաջ գցելու համար գումար են պահանջում: Միայն այս եղանակով է հնարավոր դուրս պրծնել էս դժոխքից»:


Խնդրի շուրջ հետաքրքիր է Վրաստանի դիրքորոշումը: Իշխող կուսակցության նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հետ զրույցում Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիան» բարձրացրել է նաեւ Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ հարցը: Նախագահի թեկնածուն ընդգծել է, որ առկա իրականության մեջ այլընտրանքային ճանապարհ ունենալն անհավանական է:


«Հասկանալի է, որ Լարսի այլընտրանքային ճանապարհը բխում է Հայաստանի տնտեսական շահերից, սակայն մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք մեր՝ Վրաստանի շահերը: Այսօր մեր երկու շրջաններն օկուպացված են Ռուսաստանի կողմից, չկան դիվանագիտական հարաբերություններ: Այս պահին բացառվում է Ռուսաստանի հետ այլընտրանքային ճանապարհ բացելու գաղափարը: Ապագայում՝ տեսնենք»: