Պոմպեո․ Վաշինգտոնը Թեհրանի կողմից բանակցելու պատրաստակամության նշաններ դեռեւս չի տեսնում
Վաշինգտոնը Թեհրանի կողմից բանակցելու պատրաստակամության նշաններ դեռեւս չի տեսնում, սակայն հույս ունի, որ նա կանի դա։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Ըստ նրա՝ Իրանի ժողովուրդն ուզում է, որ երկրի իշխանություններն անեն դա։ Նա պնդել է, որ Իրանի հարցում Վաշինգտոնի ջանքերը ժողովրդին պատժելու համար չեն, այլ՝ հակառակը։
«Մեր նպատակն է ռեժիմին ստիպել հասկանալ, որ նման վարքագիծը չի համապատասխանում իր երկրի շահերին, եւ պետք է փոխել ուղին»,- ասել է Պոմպեոն։
Արձագանքելով այն ակնարկին, թե պատժամիջոցները կազդեն սովորական մարդկանց կյանքի վրա, Պոմպեոն մեղադրել է, թե իրանցի ժողովրդին «վնասում են այաթոլաները, Իրանի ղեկավարությունը եւ Կասեմ Սուլեյմանին»։
«Հենց նրանց մեջ է Իրանի խնդիրը։ Դուք դա հասկանում եք, երբ կարդում եք բողոքների մասին։ Հենց ռեժիմն է վնասում իրանցի ժողովրդին, ոչ թե աշխարհն ու ԱՄՆ-ը»,- հայտարարել է նա։