24.11.2024
Սերժ Սարգսյանը կմնա ՀՀԿ նախագահ. Շարմազանով
prev Նախորդ նորություն

«Յունիբանկն» ընդդեմ ԴԱՀԿ-ի. ոչ իրավաչափ պահանջ, թե՞ պայքար հանուն պայքարի

«Յունիբանկը» դիմել է Վարչական դատարան ԴԱՀԿ-ի դեմ, որպեսզի կառույցը իր իսկ կայացրած որոշումը չեղարկի:


Խոսքը «Հին Էրիվանի» գույքը աճուրդի հանելու որոշման կասեցման մասին է, քանի որ, VERELQ-ի տեղեկություններով, «Հին Էրիվանի» սեփականատիրոջ նախկին կինը՝ Հասմիկ Պողոսյանը, հայց է ներկայացրել Մանվել Տեր-Առաքելյանի դեմ՝ համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերած գույքը կիսելու պահանջով:

Այսօր Վարչական քաղաքացիական դատարանում տեղի ունեցավ գործով առաջին նիստը, սակայն այն հետաձգվեց, քանի որ ԴԱՀԿ-ի ներկայացուցիչը անհրաժեշտ լիազորագիրը չէր ներկայացրել։ Նիստին չէր ներկայացել նաև Հասմիկ Պողոսյանի լիազոր ներկայացուցիչը: Սակայն կարևորն այս պարագայում ոչ թե դա է, այլ այն, որ նման դատական գործընթաց ընդհանրապես նախաձեռնվել է «Յունիբանկի» կողմից, որը հստակ տեղեկացված է, որ գույքը չի կարող աճուրդի հանվել, քանի որ դրա մասով կա մեկ այլ դատական հայց՝ համատեղ ունեցվածքը կիսելու մասով:

Դատական նիստին ներկա լրագրողների հետ զրույցում ԴԱՀԿ ներկայացուցիչ Արմեն Արսենյանն ասաց, որ ծառայությունը առաջիկայում հանդես կգա իր դիրքորոշմամբ պաշտոնապես, բայց հստակ է, որ ԴԱՀԿ-ն պատրաստ է պաշտպանվել և պաշտպանվելու է օրենքով տրված բոլոր հնարավորություններն օգտագործելով.
«Կարող եմ միայն մեկ բան ասել՝ նման հայց ներկայացնելը իրավաչափ չէ: Մենք մեր գործողությունները պնդելու ենք ու հասնելու ենք հաջողության: Այնպես որ կրկնվեմ՝ հայցը ներկայացնելը գնահատում ենք ոչ իրավաչափ»,- շեշտեց նա:

Իսկ ահա «Յունիբանկի» ներկայացուցիչ Նուրիջան Կիրակոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Օրինակ, թե ինչո՞ւ է «Յունիբանկը» գրավ վերցրել «Հին Էրիվանի» շենքն առանց սեփականատիրոջ համաձայնության և այդպիսով խախտել անձի սեփականության իրավունքը, որը ներկա պահին քննվում է մեկ այլ գործով: Կամ, որ ամենակարևորն է, ինչո՞վ է պայմանավորված այս գործի վարույթը 3 տարի անց վերսկսելը այն դեպքում, երբ ԴԱՀԿ-ն այս գործով կասեցման որոշումը կայացրել էր դեռ 3 տարի առաջ և արդյոք սա փորձ չէ պետական մարմինների վրա ճնշում գործադրել և գույքը տանել աճուրդի, քանզի սնանկության վարույթը արդեն իսկ ավարտվել է. «Որևէ մեկնաբանություն չեմ տալու»,- ասաց Կիրակոսյանը:

Մինչդեռ դատավոր Հրաչ Այվազյանը ավելի բարեհամբյուր գտնվեց և չխորշեց պատասխանել լրագրողների սուր հարցադրումներին: Մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե «Յունիբանկը» դատավորներին համատարած ցածր տոկոսադրույքներով արտոնյալ վարկեր է տրամադրում, թերևս հետագայում ինչ-ինչ ակնկալիքներ ունենալով նրանցից, դատավորը հավաստիացրեց, որ նա դրանց թվին չի պատկանում.

«Հավաստիացնում եմ՝ ոչ միայն «Յունիբանկում», այլ նաև որևէ այլ բանկում ես վարկեր չունեմ»,- նշեց նա:
Այսպիսով, առաջիկայում ականատես կլինենք «Յունիբանկ»-ԴԱՀԿ հակամարտության հաջորդ փուլին: