Ինչպիսի՞ դեր կարող է խաղալ Հայաստանը ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև հարաբերություններում։ Ինչպե՞ս է Հայաստանի ներդրումային գրավչության վրա անդրադարձել հանրապետության անդամակցությունը ԵԱՏՄ–ին։
EADaily թղթակցի այդ և այլ հարցերին իտալական Վերոնայում XI Եվրասիական տնտեսական համաժողովի կուլուարներում պատասխանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան։
– Հայկական իշխանությունները միշտ ասել են, որ ցանկանում են յուրահատուկ կամուրջ դառնալ ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև` հաշվի առնելով GSP+ առևտրային արտոնությունների ռեժիմը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես բերել է Հայաստանի օրինակը` որպես Եվրամիության և ԵԱՏՄ–ի հետ հաջող համագործակցության օրինակ։
– Դա լիովին իրական է։ Ավելին, ես ձեզ կասեմ, որ մենք հենց դա էլ քննարկել ենք, երբ բանակցություններ ենք վարել ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության շուրջ։ Ես այդ անդամակցության հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն էի։ Հայաստանի համար նման առավելությունների շարքում այն էր, որ երկիրը, մտնելով Եվրասիական տնտեսական միություն, կարող է օգտվել Եվրամիության հետ հիանալի հարաբերություններից, ամրապնդել դրանք։
Մինչ Հայաստանն առանձին ազգային տնտեսությամբ էր, նույն եվրոպական ներդրողները, որոնք ընդհանուր առմամբ հետաքրքրված էին Հայաստանով և բարձր էին գնահատում նրա գործարար միջավայրը, հավանաբար շատ պատճառներով պատրաստ չէին գումար ներդնել ներքին սահմանափակ շուկայի պատճառով։ Այն, որ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ մաս, միանգամից բարձրացնում է նրա ներդրումային գրավչությունը։ Այդ մասին մենք նույնպես խոսել ենք «Եվրասիական շաբաթի» ընթացքում։
Երբ ես հանդիպում եմ եվրոպացի գործընկերների հետ, ես չեմ խոսում նրանց հետ Ռուսաստանի կամ Բելառուսի անունից, ես խոսում եմ ամբողջ Եվրասիական միության, մեր հանձնաժողովի անունից։ Եվ ես հորդորում եմ` ուշադրություն դարձրեք ոչ միայն խոշոր տնտեսությունների` Ռուսաստանի, Ղազախստանի կամ հարևան Բելառուսի վրա, ուշադրություն դարձրեք Հայաստանի և Ղրղզըստանի վրա, որտեղ մեծ ներուժ կա դրա համար։
Եվ իսկապես, մենք արդեն տեսնում ենք, եթե մի քիչ շեղվել եվրոպական ուղուց, որ Հայաստանը դառնում է մեր (տնտեսական) առաջակետը Մերձավոր Արևելքում։ Դա Իրանի հետ համաձայնագիրն է, որը մենք արագ ստորագրել ենք, դա ըստ էության Հայաստանի` ԵԱՏՄ մտնելու արդյունքն է։ Որովհետև երբ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ, մեզ մոտ ձևավորվել է նոր աշխարհագրական սահման, և Կասպիայում հարևան երկրները` Ռուսաստանը և Ղազախստանը, լրացուցիչ խթաններ են ստացել Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Ուստի Իրանի հետ մենք արդեն համաձայնագիր ենք կնքել, իմ կարծիքով` այն շահավետ կլինի թե՛ միության, թե՛ Հայաստանի համար։ Անշուշտ, Եվրասիական միությունում Հայաստանի գործոնը կարևոր է նաև մեր եվրոպական ուղու համար։
Հայկ Խալաթյան