Ոչ թե գրպանային ընդդիմություն, այլ երկրորդ ուժը խորհրդարանում. «Ելք»-ի ծրագրերը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մտադիր է դառնալ երկրորդ ուժը Ազգային ժողովում՝ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ կուսակցությունը ընտրությունների կգնա «Հանրապետություն» կուսակցության հետ համատեղ:
Պատգամավորը ծիծաղելի համարեց խոսակցություններն այն մասին, թե իրենց դաշինքը ապագա խորհրդարանում կեղծ ընդդիմություն է լինելու.
«Նման լուրեր տարածում է Հանրապետական կուսակցությունը, որը նախկինում բոլոր հնարավոր մեթոդներով փորձել է կառավարել ընդդիմությանը: Իսկ Նիկոլ Փաշինյանի ծիծաղը կգա այն արտահայտության վրա, որ մենք կարող ենք լինել գրպանային ընդդիմություն: Հանրապետականները միշտ ամեն ինչ չափում են, ժողովրդական խոսքով ասած, իրենց արշինով»,- ասաց նա: