ՀՀ համար կենսական նշանակության մի շարք հարցեր կան, որտեղ ՌԴ-ն անփոխարինելի է. Ռուստամյան
Դաշնակցություն կուսակցությունը հույս ունի, որ նոր իշխանությունները չեն օգտագործի իրենց հեղինակությունը հանրության շրջանում, որպեսզի առաջ մղեն Ղարաբաղի հարցում անընդունելի որոշումների կայացումը:
Խորհրդարանական ճեպազրրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մտահոգություն հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ այսօր ձևավորված իրավիճակը հիշեցնում է 90-ականների վերջի իրավիճակը, երբ հաջողվեց կասեցնել Լեռնային Ղարաբաղի խնդրի ամեն գնով կարգավորումը:
«Ես չեմ բացառում, որ տարբեր կողմերից նոր իշխանությունների վրա կարող է ճնշում գործադրվել, որ խոսակցություններ կլինեն, թե առկա բարձր հեղինակությունը հնարավորություն է ընձեռում խիզախ քայլերի դիմել և գնալ զիջումների՝ հակամարտությունը կարգավորելու համար: Կարծում եմ, որ հասարակության վստահության մակարդակը չարաշահելը նման դեպքերի համար մեծագույն սխալ կլինի: Եվ քաղաքական դաշտում կարճ կյանք կունենա այն ուժը, որը կփորձի գնալ լուծման այն ճանապարհով, որը, գուցե, ընկած է սեղանին դրված փաստաթղթի հիմքում, բայց անընդունելի է մեր ազգային շահերի տեսանկյունից»,- ընդգծեց Ռուստամյանը:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Երևանում հնչեցրած այն հայտարարությանը, թե ՀՀ-ում ՌԴ ազդեցության թուլացումն անհրաժեշտություն է, ՀՅԴ-ականը շեշտեց՝ Ռուսաստանի հետ ՀՀ ռազմավարական հարաբերություններն այսօր այլընտրանք չունեն։
«Այդ ռազմավարական գործընկերության նշանակությունը չհասկանալը ցանկացած իշխանության, եթե չասեմ մեր երկրի անվտանգության համար է վտանգավոր: Ռուսաստանի Դաշնության դերը Հայաստանում չի նվազել, ինչը շատ լավ հասկանում է նաև Բոլթոնը: Նա հասկանում է նաև, որ ՀՀ-ՌԴ միջև այնպիսի կապեր կան, որ այդ հարաբերությունները չեն կարող փոխվել։ ՀՀ համար կենսական նշանակության հարցեր կան, որոնցում ՌԴ-ն անփոխարինելի է»,- հավելեց Արմեն Ռուստամյանը: