29.09.2025
Լուսանկարը` golosarmenii.am
prev Նախորդ նորություն

«Երրորդ Հանրապետությունը երբեք չի իմացել՝ ինչ է խաղաղությունը». Նիկոլ Փաշինյան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աղմկահարույց հայտարարություն է արել՝ նշելով, որ Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ երկրում սահմանային փոխհրաձգության հետևանքով զոհերի բացակայության շրջան է սկսվել։


Նա ընդգծել է, որ խաղաղությունը Հայաստանի համար բացարձակապես անծանոթ երևույթ է, և հասարակությունը պետք է սովորի ապրել այնպիսի պայմաններում, որոնք նոր և բարդ մարտահրավերներ են բերելու։


Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ներկա շրջանի աննախադեպ բնույթը։ «Հայաստանում վերջին տասնամյակներում չի եղել խաղաղություն, որովհետև ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր փոխհրաձգության արդյունքում։ Հիմա մենք մեկ տարի յոթ ամիս Հայաստան-Ադրբեջան հրաձգությունների արդյունքում զոհ և վիրավոր չունենք»,- հայտարարել է վարչապետը։


Փաշինյանը նշել է, որ անկախության ողջ շրջանում չի եղել ոչ մի տարի, երբ Հայաստանը զոհեր չի ունեցել դիվերսիաների և մարտական գործողությունների հետևանքով։ «Հայաստանի անկախության առաջին օրից ոչ մի տարի խաղաղություն չի եղել։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը խաղաղություն չի տեսել ընդհանրապես»,- ասել է նա՝ հավելելով, որ խաղաղությունը հայ ժողովրդի համար «անծանոթ բան է»։


Վարչապետը կոչ է արել հասարակությանը սովորել ապրել խաղաղ պայմաններում։ Նա նշել է, որ ի տարբերություն հակամարտության, որն ունի սահմանափակ հարցեր և պատասխանների տարբերակներ, խաղաղությունն իր հետ բերում է «հարցեր, էլի հարցեր, նոր հարցեր, անընդհատ հարցեր»։


«Իսկ խաղաղությունը, կարող է նույնիսկ աբսուրդ հնչի, բայց երևի ճիշտը այդ հարցերը տալ և պատասխանել՝ խաղաղությունը կարո՞ղ է սպառնալիքներ բերի»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ խաղաղ կյանքին անցումը կուղեկցվի նոր մարտահրավերներով, որոնք կպահանջեն ըմբռնում և լուծում։