Փաշինյանը` «Թրամփի ուղու» մասին. ծրագիրը քննարկվում է, բայց ժամանակ է պահանջում
Լուսանկարը` golosarmenii.am
Տրանսպորտային ուղիների ապաշրջափակման նպատակով նախատեսված «Թրամփի ուղի» երկաթուղային նախագծի կառուցումը դեռևս գործնական իրականացման փուլ չի մտել։ Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած կոնկրետ պայմանավորվածությունների բացակայությանը, քննարկումները շարունակվում են, և դրանց հաջողությունը կախված է ոչ թե շտապողականությունից, այլ հետևողականությունից։
Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է «Թրամփի ուղի» (RTIPP) ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը, որի նպատակն է ապաշրջափակել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները։ Նա հաստատել է, որ ամերիկյան պատվիրակության վերջին այցը Հայաստան նոր քննարկումների մեկնարկ է տվել, որոնք կշարունակվեն։
Փաշինյանն ընդգծել է, որ թեև Թրամփի վարչակազմը «շատ գլոբալ օրակարգ ունի», RTIPP ծրագիրը շարունակում է մնալ ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Նա բացատրել է, թե ինչու շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել՝ ցրելով ակնթարթային արդյունքի հույսերը։
«Մեր ընկալումն այն է, որ օգոստոսի 8-ի լույս 9-ի առավոտը նայում ենք էքսկավատորն է՞նտեղ է, վա՜յ չկա էքսկավատորը, էլի հերթական ֆեյք… Տենց չի աշխատում։ Այս պրոցեսների արագը դանդաղն է՝ առանց ընդհատումների։ Որովհետև այն, ինչ փորձենք արագ անել, չի ստացվելու, պետք է անենք դանդաղ, բայց առանց ընդհատումների»,- պատկերավոր արտահայտվել է վարչապետը։
Այժմ, ինչպես պարզաբանել է Փաշինյանը, քննարկումներ են ընթանում ճանապարհի նախագծի շուրջ։ Լուծվում են հարցեր, թե ով պետք է կատարի նախագծումը և ով պետք է ֆինանսավորի։