24.11.2024
Մամուլ. Գնա մեռի, արի դատեմ. Մկրտումյանի տան վրա հարձակումը ի՞նչ կապ ունի Ղարագյոզյանի հետ
prev Նախորդ նորություն

Հոկտեմբերի 27-ն է. իշխանությունը փոխվեց, ո՞ւմ մեղադրել, որ ոճրագործությունը բացահայտված չէ

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց ահաբեկչական հարձակում, որի արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։

Ահաբեկչական խումբը գերի էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։
Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։


Ահաբեկիչներն են` Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան, Էդուարդ Գրիգորյան:
Համաձայն պաշտոնական վարկածի, ահաբեկչությունն իրականացրած Նաիրի Հունանյանը իր նախաձեռնության կազմակերպել է գործողությունը, մշակել մանրամասները, ներգրավել համախոհների, որոնց օգնությամբ ձեռք է բերել զենք ու մուտք գործել Ազգային Ժողով, և իրականացրել այդ ամենը:

2013 թ-ին Wikileaks կայքը հրապարակել է 2001-2004 թթ-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդուեյի գաղտնի նամակը, որտեղ վերջինս գրում է հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին։ Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ հանձին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար։ Դեսպանը, մասնավորապես, գրում է.


«Չնայած որեւէ կոնկրետ ապացույցի բացակայությանը՝ զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողությունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարևոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղաքական դիրքերը»:


Օրդուեյն ընդգծում է, որ Քոչարյանն ու իր կողմնակիցները վճռականորեն ժխտել են իրենց մասնակցությունը սպանություններին, իսկ դեսպանությունը հակառակը վկայող որևէ ապացույց երբևէ չի տեսել:

Դեռ անցած տարի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը` Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը, հայտարարել էր, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը չի բացահայտվի գործող իշխանությունների պարագայում: Ըստ նրա, հանրության 99 տոկոսը կարծում է, որ այդ իրադարձությունները բացահայտված չեն և միայն 1 տոկոսն է պնդում, որ դրանք բացահայտված են:

«Այդ 1 տոկոսը իշխանության մեջ է, այդ 1 տոկոսը այն համակարգերն են, որոնք ներառում են դատական, օրենսդիր, գործադիր մարմինները, որոնք վտանգ են տեսնում բացահայտումներից, ամեն ինչ անելու են, որ գործը չբացահայտվի: Հետևաբար, մեր հանրության 99 տոկոսը կարծում է, որ գործը կբացահայտվի այն պարագայում, երբ Հայաստանում լինի ռեալ իշխանափոխություն, համակարգի փոփոխություն»,- շեշտել էր Արամ Սարգսյանը:

Նա վստահ էր, որ ներկայիս իշխանությունները նախորդ իշխանությունների ժառանգորդն են և հոկտեմբերի 27-ին էլ նրանք իշխանություն էին: «Եթե այս իշխանությունները ցանկություն ունենային բացահայտելու այն, բազմաթիվ հանգամանքներ կային, որոնց հիման վրա կարող էին բացահայտել, բայց նրանք չունեն նման ցանկություն, ինչն էլ կասկածների տեղիք է տալիս»,- ասել է Սարգսյանը:

Այս հարցազրույցից մեկ տարի անց Հայաստանում նոր իշխանություններ են, սակայն Հոկտեմբերի 27-ի գործի մասին մինչ այս պահը որևէ բան արված չէ…