VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 28-ին երեք դիմակավորված եւ զինված անձինք ավազակային հարձակում էին կազմակերպել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի Ձորաղբյուրում գտնվող տան վրա: Հոկտեմբերի սկզբին Վրաստանում կալանավորվեց եւ Հայաստան տեղափոխվեց ավազակային հարձակման մեջ կասկածվող Գագիկ Ղեւոնդյանը, ով ՀՔԾ-ում ցուցմունք էր տվել, որ ավազակային հարձակումը ինքը չի կազմակերպել, եւ տվել էր այլ մարդու անուն: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակումը նախաձեռնել եւ կազմակերպել է ԱԺ նախկին պատգամավոր, հոկտեմբերի 6-ին ԱԺ մեկ այլ պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող, իսկ այնուհետեւ կասկածելի հանգամանքներում ինքնասպանություն գործած Հարություն Ղարագյոզյանը, ով մեծ գումարներ է պարտք եղել Մկրտումյանին: Հետաքրքիր զուգադիպությամբ Վրաստանում Գագիկ Ղեւոնդյանի կալանավորման եւ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության ժամկետները համընկնում են»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի փորձագետ-քաղաքագետներից հանդիպման է հրավիրել Դավիթ Շահնազարյանին, Սուրեն Սարգսյանին, Էդիկ Աբրահամյանին, Ստեփան Սաֆարյանին եւ Արթուր Ղազինյանին։ Հանդիպման ընթացքում հատկապես ծանրացել է Ռուսաստանի դրոշի տակ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշման վրա՝ չթաքցնելով իրենց դժգոհությունն այդ քայլից եւ բաց տեքստով հասկացնելով, թե վատ բան եք արել, բայց շատ ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի, որ դա այնքան էլ հումանիտար առաքելություն չէ, այլ՝ ռազմական։ Այսինքն՝ ամերիկյան կողմը շատ ուշադիր հետեւելու է այդ առաքելությանը։ Բոլթոնը հետաքրքրվել է, թե կոնկրետ հայ պաշտոնյաներից ում մտահղացումն է եղել դա՝ կրկին հասկացնելով, որ ինքը Ռուսաստանից է գալիս, եւ այնտեղ իրեն ասվել է, որ նախաձեռնությունը բխել է Հայաստանից։ Քաղաքագետները զարմացել են ակնարկներից, որ Հայաստան պետության հանդեպ մեծ չէ իրենց հարգանքը, եւ եթե նման քայլերը կրկնվեն, ՀՀ-ն կկորցնի ռազմավարական դաշնակցի իր կարգավիճակը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում քննարկում են վարչապետի ելույթները․ «Մինչ այս քարը քարին չթողնող, նախկիններին քննադատող-ձերբակալող վարչապետ Փաշինյանը մի խոսք չի ասել Աղվան Հովսեփյանի, Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի մասին, որի եղբորը վերջերս նշանակել են «Զվարթնոցի» մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ։ Աներորդին էլ ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարն է․ էդ ինչպե՞ս է լինում»։ Էդ ինչպե՞ս է լինում՝ մեր հերթին հարցրինք ՊԵԿ պատասխանատուին։ «Արտակ Հարությունյանը համակարգում է շատ վաղուց, նորմալ աշխատող է»։ Իսկ աներորդին՝ Մերուժան Հակոբյանը, ոստիկանապետի աշխատակազմի ղեկավարն է՝ 2015-ից»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «1997 թվականի գարնանից առ այսօր Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով բանակցություն տեղի չի ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշեց Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` խոսելով Արցախի` բանակցային սեղանից դուրս մնալու մասին: Սակայն պաշտոնական փաստաթղթերով նաեւ ապացուցված է, որ 1998-ին դեռ Ղարաբաղին վերաբերվում էին որպես պաշտոնապես բանակցող կողմի: Եվ ստացվում է` այդ գործընթացը եղել է փուլային տարբերակով: 1-ին փուլը արձանագրվել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, իսկ փաստաթղթային մասն էլ շարունակաբար դադարեցվել է արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք: Բայց այդ տարիներին համանախագահներն իրենց դիրքորոշումը ամեն անգամ Արցախ գնալով են արտահայտել։ Սա նշանակում է, որ հիմա շատ ավելի կարեւոր է ոչ թե հարցը՝ ում մեղքով է ԼՂ-ն դուրս մնացել բանակցային սեղանից, այլ արդյոք հիմա Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ բանակցային գործընթացում ներգրավել Արցախին: Եթե այո, ապա նշանակում է՝ պատմական իրողություն կունենանք»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախում օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացվել, որտեղ առկա ձևակերպումն առաջացրել է «Արդարություն» կուսակցության անհանգստությունը: Խոսքը «ԼՂՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին ԱՀ օրենքների նախագծերի փաթեթի մասին է: «Այդ նախագիծը նախատեսում է օտարերկրյա քաղաքացիներին սեփականաշնորհման իրավունքով տրամադրել հողատարածքներ՝ այգիներ հիմնադրելու նպատակով: Առհասարակ, Արցախի իշխանությունների մոտ հետաքրքիր պրակտիկա է առաջացել, որը տարիների պատմություն ունի. եթե ցանկանում են ինչ–որ ծրագիր իրականացնել, սակայն օրենքը դա թույլ չի տալիս, անպայմանորեն մտածում են օրենքի մեջ նոր փոփոխություններ մտցնելու մասին: Այսինքն՝ տվյալ ձեռնարկը դարձնում են օրինական: Նույն նպատակն է հետապնդում վերոնշյալ նախագիծը, որը ներկայացվել էր Ազգային ժողովին: Նախագիծը, սակայն, դեռևս չի ընդունվել, որովհետև վերադարձվել է գլխամասային հանձնաժողով: Մենք սպասում ենք հետագա քննարկմանը»,– «Փաստի» հետ զրույցում ասաց «Արդարություն» կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանը:
Խոսելով նախագծից բխող մտահոգությունների մասին՝ նա նշեց. «Նախ՝ իրեն հարգող երկիրն իր հողերը չի վաճառի օտարերկրյա քաղաքացիներին: Մանավանդ, երբ չգիտենք՝ իրենք ինչ քաղաքացիներ են, արդյո՞ք միջնորդավորված չեն լինի: Ի վերջո, այդ հողի սեփականատերերը կարող են նաև սնանկանալ և ստիպված լինել իրենց հողաբաժինը վաճառել որևէ բանկի կամ վերավաճառել այլ քաղաքացիների, և այդպես, փաստորեն, մենք զրկվում ենք այդ տարածքների վրա վերահսկողության իրավունքից: Վտանգը այստեղ է, սակայն կա նաև այլ նրբություն. բազմաթիվ այգիներ, որոնք համայնքային սեփականություն են հանդիսանում, գտնվում են խոշոր հողատերերի, ինչ–որ չինովնիկների, բիզնեսմենների տրամադրության տակ: Եվ նրանք, փաստորեն, իրենց այգիները մշակում են վարձակալության հիմունքներով: Կա նաև այսպիսի մի վտանգ, որ այդ փոփոխություններով փորձում են օրինականացնել և սեփականաշնորհման օրինական իրավունք ձեռք բերել նաև այդ համայնքների մերձակա տարածքների այգիների մասով: Որպեսզի այդ այգիները սեփականաշնորհվեն, օրենքում կատարում են այս փոփոխությունները»: Մեր զրուցակիցը նշեց, որ կա նաև մեկ այլ նրբություն. «Քանի որ վարձակալած տարածքները չեն կարող գրավադրվել բանկերում, դրանով իսկ լուծվում է նաև այդ խնդիրը: Այսինքն՝ օրենքի փոփոխությունները թույլ կտան նաև բանկում գրավադրման իրավունք ձեռք բերել»: Անդրադառնալով բուն նախագծին և իրենց դիրքորոշմանը՝ Մարսել Պետրոսյանը շեշտեց. «Մենք կտրականապես դեմ ենք, որ մեր հողերը սեփականության իրավունքով վաճառվեն օտարերկրացի քաղաքացիներին: Նույն հաջողությամբ այդ հողերի սեփականատերերը կարող են միջնորդավորված ձևով դառնալ մեր հակառակորդներն ու թշնամիները: Մենք դիմել ենք Ազգային ժողովին, բայց պատասխան չենք ստացել: Փոխարենը լղոզված մի տեքստով մեզ պատասխանել է ԱՀ գյուղնախարարությունը: Մենք ստիպված ենք եղել երկրորդ անգամ դիմել: Բաց նամակով ենք դիմել, սակայն առ այսօր ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք չկա թե՛ Ազգային ժողովի, թե՛ կառավարության կողմից: Երևի սա էլ պատասխանի մի ձև է: Այն իմաստով, որ ամենահետաքրքիրը լռությունն է՝ լռության են մատնել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը երեկ ԱԺ է ներկայացրել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Օրենքի փոփոխությունների իմաստը հանքերի իրական սեփականատերերի բացահայտումն է, որը կարեւոր է ոչ միայն հայ հանրության համար, այլ նաեւ բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից: Հայաստանը 2017թ. Բոգոտայում միջազգային համաձայնագիր է ստորագրել, որը պարտավորեցնում է բացահայտել հանքարդյունաբերության իրական սեփականատերերին: Հետաքրքիր է, թե այս օրենքի ընդունումից հետո ինչ պատկեր կարող է բացահայտվել Հայաստանում, ովքեր են Հայաստանի հանքերի իրական սեփականատերերը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեղափոխությունից հետո շատ վայրերում են ճանապարհ փակելը դարձրել պայքարի ուղի: Ով ումից կամ ինչից դժգոհ է, որոշում է ճանապարհ փակել: Այս թեմային ոչ մեկ անգամ անդրադարձել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարեւանը հարեւանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է փակում։ Ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս, ճանապարհ է փակում։ Գիտե՞ք, դա այնքան էլ ընդունելի չէ»,–մասնավորաբար ասել էր Փաշինյանը Կապանում: Այսուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, իրավապահ մարմիններին հրահանգված է մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ ճանապարհ փակողներին «մատով անգամ չկպնել»: Սակայն ընտրություններից, իսկ ավելի ստույգ՝ Ամանորյա տոներից հետո նման մեղմություն ու հանդուրժողականություն այլեւս չի ցուցաբերվի: «Փաստի» աղբյուրները տեղեկացնում են, որ ի մասնավորի ոստիկանությանը հրահանգված է տոներից հետո անհրաժեշտության դեպքում նույնիսկ կոշտ մեթոդներով բացել բոլոր ճանապարհները եւ թույլ չտալ բողոքների ու դժգոհությունների արտահայտման նման որեւէ դրսեւորում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ հրապարակվեցին քաղաքապետի տեղակալների անունները: Հայկ Մարությանն իր տեղակալներ է տեսնում ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Տիգրան Վիրաբյանին եւ Սերգեյ Հարությունյանին: Ինչպեսեւ գրել էինք՝ առաջին տեղակալի թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է։ Նա կառավարման մասնագետ է, «Արդշինբանկ» ՓԲԸ սպառողական եւ հիպոթեքային վարկավորման, ռիսկերի կառավարման բաժնի պետը։ Գրել էինք նաեւ Հայկ Սարգսյանի մասին՝ մասնագիտությամբ տնտեսագետ, Տնտեսագիտական համալսարանի դասախոս։ 2006-2018 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար։ Մյուս 2 փոխքաղաքապետները, պարզվեց, քաղաքապետի հարազատ միջավայրից են՝ շոու բիզնեսից։ «Տրիադա» ստուդիայի փոխտնօրեն Սերգեյ Հարությունյանը, որը բազմաթիվ ֆիլմերի, հոլովակների պրոդյուսեր է, Հայկ Մարությանի «Kargin studio»-ի նկարահանած «Սիրո գործակից» եւ «Սուպեր մամա 2» ֆիլմի պրոդյուսերն է։ Նախկին իշխանությունները նրան հաճախ էին պատվերներ իջեցնում։ Չորրորդն էլ Տիգրան Վիրաբյանն է՝ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենը։ Ասում են՝ կազմակերպչական ունակություններով օժտված անձնավորություն է։ Նրա օրոք թատրոնը կենդանացել է, որոշ ներկայացումների ժամանակ նույնիսկ անշլագ է լինում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական համակարգի մի շարք աշխատողներ հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք իրենց աշխատանքային վեց ամիսը լրանալուն պես դիմել են առողջապահության նախարարություն բժշկական ապահովագրությունից օգտվելու համար: Սակայն ի պատասխան՝ ԱՆ-ից հայտնել են, որ սոցփաթեթի համար նախատեսված բազան թարմացվում է երկու ամիսը մեկ, եւ հերթական թարմացնելուց հետո իրենց տվյալները կհայտնվեն այնտեղ: ԱՆ-ի այս անորոշ պատասխանը խիստ մտահոգել է պետական ծառայողներին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱՆ, որտեղից նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի մամուլի պատասխանատու Լիաննա Եղիազարյանը փոխանցեց, որ այժմ կառավարությունում սոցփաթեթի թարմացման գործընթացին նոր լուծումներ տալու նախագիծ կա: Ապա ավելացրեց` նշելով. «Հարցը կարգավորվում է կառավարության 375 Ն որոշմամբ, նախարարության որոշելիքը չէ: Բայց եթե մարդն արդեն սոցփաթեթի շահառու է, ու դեռ փաթեթն ակտիվ չէ, եւ նա ունի անհետաձգելի բուժօգնության կարիք, նախարարությունը տալիս է կարգավորում: Մարդը բժշկի եզրակացության հիմքով դիմում է Ան, այստեղից գրություն է ուղարկվում պետական առողջապահական գործակալություն, այնտեղից արագ կարգավորում են, որ մարդը խնդիրներ չունենա»: