ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը չի կայանա Երեւանում. այն տեղափոխվում է Մոսկվա
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երեւանից Մոսկվա տեղափոխել: Այս մասին տեղեկացնում է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
«Որոշվել է ՀԱՊԿ ԽՎ միջխորհրդարանական վեհաժողովի անցկացումը տեղափոխել: Այդ մասին Դումայի Խորհրդում հայտարարեց Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Կանցկացնենք հոկտեմբերի 29-30-ին Մոսկվայում, այլ ոչ թե Հայաստանում»,- ասել է նա: Լ. Կալաշնիկովի խոսքով` որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ:
«Ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ հրաժարական կտա, սա կարող է տեղի ունենալ հոկտեմբերի վերջին: Եթե իրադրությունն այդպես ծավալվի, ինչպիսին այն տեսնում ենք, ո՞ւմ հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Պաշտոնակատարի՞ հետ: Սա անտրամաբանական է եւ ճիշտ չէ»,- շեշտել է Պետդումայի ներկայացուցիչը: