VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, այսպես կոչված՝ քենակալը: Հենց այս հանգամանքն է վճռորոշ եղել նրա՝ սկզբում փոխնախարար, ապա և նախարար նշանակվելու հարցում: Բաղրամյանը ոչ մի կապ չունի էներգետիկայի հետ, նա վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում և ըստ որոշ տեղեկությունների՝ եղել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի նալոգ հավաքողը: Դրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ նախարար Բաղրամյանը կտրուկ դեմ է արտահայտվում գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հնարավորությանը. չի կարող, չէ՞, մարդը հակադրվել իր շեֆին, թեկուզ նախկին, ում հավատարմորեն ծառայել է 15 տարի: Հավելենք, որ նոր կառավարությունում Վանեցյանը երկու հովանավորյալ ունի. արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ Վանեցյանի քավորն է, և իր նշանակման համար պարտական է հենց այդ կապին: Չնայած նոր իշխանությունները կարող են պնդել, որ Հայաստանում կոռուպցիան, հովանավորչությունը, բաջանաղությունն ու քավոր-սանիկությունը վերացել են: Սրանք զուտ պատահական համընկնումներ են»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնովին մեկուսացել է հասարակությունից եւ քչերի հետ է հանդիպում, բայց, մեր տեղեկություններով, արտերկրի հետ կապը չի կորցրել։ Նա շփումներ ունի ինչպես ռուսական իրականության, այնպես էլ եվրոպացիների հետ։ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստան այցելած արտերկրյա պատվիրակություններից մի քանիսը ցանկություն են ունեցել հանդիպելու նրա հետ։ Մեզ հետաքրքրում էր հանդիպումների բովանդակությունը, թե ինչի մասին են զրուցել հյուրերը Սերժ Սարգսյանի հետ։ Մեզ ասացին, որ այդ այցելություններն ավելի շատ բարոյական աջակցության բնույթ են կրել։ Իսկ թե ինչու չեն հրապարակայնացնում դրանք, ասացին, որ մի անգամ փորձ է արվել Գերմանիայից ժամանած պատվիրակության այցի մասին տեղեկություն հաղորդել, այնպիսի տհաճ աղմուկ են բարձրացրել համացանցում, որ որոշել են այլեւս ձեռնպահ մնալ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում Հանրապետականը 2 թևի է բաժանվել։ Արմատականները՝ ի դեմս Շարմազանով-Աշոտյան դուետի, կարծում են, որ, անկախ արդյունքներից, մասնակցությունը պարտադիր է ու ազնիվ ՀՀԿ-ի էլեկտորատի հանդեպ։ Իրատեսները վստահ են, որ ՀՀԿ-ի «գնացքը գնացել է», պետք չէ վերջնականապես զրոյանալ։ Դեռ վերջնական որոշում չկա, այն կկայացնեն առաջիկա ԳՄ և խորհրդի նիստերի ժամանակ։ Ի դեպ, առաջիկա օրերին կուսակցությունից կրկին արտահոսք կլինի․ այն պատգամավորները, որոնք աջակցություն հայտնեցին արտահերթի անցկացմանը, կլքեն նաև կուսակցությունը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ամառային զորակոչի ժամանակ զորակոչվեցին բանակ և ծառայում են Արցախում: Մինչդեռ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդին, ով նույնպես բանակ է զորակոչվել նույն ժամանակ, ծառայում է երևանամերձ զորամասերից մեկում: Հարությունյանը հսկայական գումարներ է ծախսել, որ որդին հանկարծ չհայտնվի Արցախում: Նշենք, որ Հարությունյանի որդու ծառայության վայրը որոշվել է առանց վիճակահանության
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ հանդիպում է ունեցել «Վալլեքս» խմբի ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի հետ: Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը, իսկ պատճառն էլ վարկային պարտավորություններն են, որոնք ընկերությունը չի կարող մարել: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մեջլումյանը ցանկանում էր հասնել նրան, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 380 մլն դրամի չափով տուգանքը չեղարկվի: Սակայն մեր տեղեկություններով` երեկվա հանդիպումն անպտուղ է եղել: Գործարանի հետագա գործունեության ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարության ներկայացուցիչները գործարարի հետ նախատեսում են հանդիպում ունենալ նաեւ այս ուրբաթ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին, երբ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան լարվեց, եւ տասնյակ հազարավոր քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախ բողոքի ակցիա իրականացրին, ապա մուտք գործեցին Ազգային ժողովի տարածք, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում էր արտերկրում: Ավելի ուշ հայտարարեցին, որ շուրջ մեկ շաբաթ ԱՄՆ-ում գտնված նախագահն այդ ընթացքում Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի կողմից պարգեւատրվել է Համաշխարհային պետական գործչի մրցանակով: Զավեշտալին այն է, որ, համաձայն Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի կայքի, ինքը՝ Արմեն Սարգսյանը, այդ ինստիտուտի փոխնախագահն է: Նա փոխնախագահ է նշանակվել 2008-ին, իսկ մինչ այդ՝ 2002-ից, եղել է տնօրենների խորհրդի անդամ: Փաստացի ստացվում է, որ Արմեն Սարգսյանն այդ հնչեղ անունով մրցանակը ստացել է իր կողմից ղեկավարվող հաստատությունից, իսկ նրա ամերիկյան վոյաժների ծախսը հոգացել են Հայաստանի հարկատուները, քանի որ ՀՀ նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակությունն ԱՄՆ են գործուղվել պետբյուջեի հաշվին եւ այնտեղ մնացել շուրջ մեկ շաբաթ: Դժվար է չհամաձայնել, որ Հայաստանի նման աղքատ երկրում անգլիական թագուհու կարգավիճակ ունեցող, բայց էլիտար հաճույքների ու բեմականացված մեծարման երեկոների սիրահար նախագահ ունենալը, իրապես, մեծ բեռ է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ այս պարագայում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ահա արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրությունում հետաքրքիր լուծումներ են թաքնված: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընտրություններից հետո գործելու է Սահմանադրության 149-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»: Իսկ սա նշանակում է, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքները լինեն Երեւանի ավագանու ընտրությունների պես ակնհայտ տարբերությամբ, ապա մեծամասնության թեկնածուն, այս դեպքում` Նիկոլ Փաշինյանը, իրավունքի ուժով է դառնալու ՀՀ վարչապետ, ճիշտ այնպես, ինչպես եւ Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ՝ առանց ավագանիների կողմից ընտրության:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հնարավոր է, այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը: Պատճառը հավաքագրված մեծ գումարների անհետացումն է, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել, ինչպես նաև մի շարք այլ խայտառակ իրողությունների մասին։ Վարչապետի անզիջում և չոր որոշումը վստահաբար չի ուշանա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին համաներման նախագծի շուրջ աշխատող իրավաբանների քննարկումներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հաշվի առնելով, որ վերջին` 2013 թվականի համաներմամբ պատժից ազատել են այն անձանց, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակված եղել` ապա ներկայումս որոշել են մեկ տարով էլ շեմը բարձրացնել: Իրավական ոլորտում ակտիվ քննարկումներ են, որպեսզի համաներումը տարածվի նաեւ ՀՀ իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր երկու խմբերի»` «Սասնա Ծռերի» եւ «Նորք-Մարաշ» բանդայի գործով մեղադրյալների վրա: Արդյունքում որոշում է կայացվել` համաներում չի տարածվի այս երկու խմբերի այն անձանց վրա, որոնք մեղադրվում են սպանության մեջ»: