24.11.2024
Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ
prev Նախորդ նորություն

Դատարանը 2 ամսով երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:


Այս մասին ասել է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը. ով նշեց, որ այս որոշման առնչությամբ հանդես է գալու հայտարարությամբ: «Դիրքորոշման հետ կապված հոկտեմբերի 17-ին հայտարարությամբ եմ հանդես գալու: Նախնական կարծիքս սա է` անձը պատանդի կարգավիճակով գտնվում է կալանքի տակ»,- ասաց Բաղդասարյանը:


Դատարանը նաև մերժել է Գրիգորյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:


Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: