Գերմանացի գործիչները հրաժարվել են մասնակցել Քյոլնում թուրքական մզկիթի բացման արարողությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա իր պետական այցի շրջանակում Քյոլնի Էրենֆելդ շրջանում բացել է Գերմանիայում Կրոնական հաստատությունների թուրք-իսլամական միության (DITIB) կենտրոնական մզկիթը: Մզկիթի շինարարությունն արժեցել է մոտ 30 մլն եվրո: Սա Եվրոպայում խոշորագույն մզկիթներից մեկն է եւ միաժամանակ կարող է տեղավորել գրեթե 1100 հավատացյալների, փոխանցում է DW-ն:
Թուրք առաջնորդի այցի հետ կապված ոստիկանները շրջափակել էին մի շարք թաղամասեր: Քյոլն/Բոնն միջազգային օդանավակայան Էրդողանի ժամանելու պահին փակվել էին քաղաք մտնող բոլոր ավտոուղիները: Կարգը պահպանել են մոտ 3 հազար ոստիկաններ:
Մինչդեռ Դոյցի աջափնյա շրջանում հավաքվել էին հարյուրավոր ցուցարարներ, որոնք հանդես են գալիս թուրք նախագահի այցի դեմ: Նրանք իրենց հետ բերել էին «Կասեցրեք Էրդողանի դիկտատուրան», «Էրդողան, go home» գրառումներով պաստառներ:
Մինչեւ Քյոլնում հանդիսավոր արարողության մեկնարկը օդանավակայանում թուրք առաջնորդին դիմավորել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողերի վարչապետ Արմին Լաշեթը: Նա չի կարողացել թուրք առաջնորդին ընդունել օդանավակայանից ոչ հեռու գտնվող Վան պալատում, քանի որ մասնավոր օգտագործման նստավայրի սեփականատերն արգելել է այն հանդիպման համար օգտագործել:
Լաշեթը մզկիթի բացմանը մասնակցելուց հրաժարվել է այն նկատառումներով, որ հակառակ դեպքում միջոցառումը կվերածվեր «չափից ավելի քաղաքականացված իրադարձության»: Արարողությանը հրաժարվել է մասնակցել նաեւ Քյոլնի քաղաքագլուխ Հենրիետե Ռեկերը: Ոչ պաշտոնական հրավերքի մասին նրան հայտնել են տառացիորեն վերջին պահին՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան: Նրա մամուլի քարտուղարի խոսքով՝ նման առաջարկը հարկ է դիտարկել որպես «ուշացած» կամ «անլուրջ», ինչը վկայում է, որ թուրքական կողմը շահագրգռված չէ արարողությանը քաղաքի իշխանությունների մասնակցությամբ:
Բացումից առաջ հրապարակված հայտարարության մեջ Ռեկերը հույս է հայտնել, որ մզկիթն «ապագայում կդառնա տարբեր մշակույթների եւ կրոնական պատկանելության մարդկանց միջեւ երկխոսության իսկական դրսեւորում»:
Աղոթքի կառույցի աշխատանքի մեկնարկի առիթով իր հանդիսավոր ելույթում Էրդողանն ամփոփել է Գերմանիա իր երկօրյա պետական այցի արդյունքները՝ այն «հաջողված» համարելով: Թուրք առաջնորդի խոսքով՝ իրեն հաջողվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ քննարկել տնտեսական ներդրումների հարցերը եւ «ռասիզմի ու իսլամատյացության դեմ արդյունավետ պայքարի» խնդիրը: