Գերմանիան կտրուկ կրճատել է Թուրքիային զենքի մատակարարումը
Գերմանիայից Թուրքիա ներկրվող զենքի ծավալը 2018թ․ մարտին ԳԴՀ-ում նոր կառավարության ձեւավորման պահից կտրուկ կրճատվել է։ Այս մասին է վկայում Բունդեսթագում «կանաչների» խմբակցության փորձագետ Օմիդ Նուրիպուրի հարցմանը ԳԴՀ-ի տնտեսության եւ էներգետիկայի նախարարության պատասխանը՝ տեղեկացնում է DW-ն:
Մարտի 14-ից մինչ այժմ տրվել է Թուրքիային զենք մատակարարելու ընդամենը 16 թույլտվություն՝ 916902 եվրո արժողությամբ։
2016թ․ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ում Գերմանիայի գործընկեր, գերմանական զենքի հիմնական ներկրող 20 երկրների մեջ էր։ Այն ժամանակ ներկրվում էր 83,9 մլն եվրոյի զենք։
Մատակարարումների կրճատումը նախատեսվում էր դեռեւս 2016թ․ հուլիսին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո։ Կրճատումը կարող է կապված լինել նաեւ 2018թ․ հունվարին Սիրիա թուրքական զորքերի ներխուժմամբ։ Սիրիայի հյուսիսում, որտեղ վերահսկում էին քրդական Ազգային ինքնապաշտպանական ջոկատները, թուրքական ստորաբաժանումները գրոհելիս օգտագործում էին գերմանական Leopard 2 A4 տանկեր։