Ռոհանի․ Միջուկային գիտելիքներն անհրաժեշտություն ենք համարում, իսկ միջուկային զենքը՝ չարիք
Մենք Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ ժողովրդավարության կողմնակից ենք։ Մենք միջուկային գիտելիքներն անհրաժեշտություն ենք համարում, իսկ միջուկային զենքը՝ չարիք։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նիստում։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգների պատկերացմամբ՝ միջազգային հարաբերությունները պետք է ավտորիտարիզմի վրա հիմնված լինեն. «Նրանց պատկերացմամբ՝ իշխանությունը ծաղրելու եւ քո կարծիքը այլ պետությունների վզին փաթաթելու գործիք է։ Ոչ մի երկրի կամ ազգի հնարավոր չէ առանց հետեւանքների ուժով նստեցնել բանակցությունների։ Իսկ հետեւանքը կարող է լինել այդ ժողովուրդների զայրույթի կուտակումը, ինչն իր արտահայտությունը կգտնի հակադրվելու ցանկության մեջ»։
Ռոհանին ընդգծել է, թե Իրանը համաձայն է, որ չկա խնդիրների լուծման առավել լավ ճանապարհ, քան երկխոսությունը։
«Սակայն երկխոսությունը պետք է կրի երկկողմ բնույթ, այն պետք է հիմնված լինի հավասարության, արդարության վրա եւ անցկացվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասել է Իրանի նախագահը։
Նա հայտարարել է, որ միջազգային անվտանգության հարցը ամերիկյան ներքին քաղաքականության համար խաղալիք չէ։ «ՄԱԿ-ը չի մտնում Միացյալ Նահանգների աշխատակազմի մեջ։ Երկխոսության մեկնարկը պետք է սկսվի սպառնալիքների, անհիմն պատժամիջոցների դադարեցումից։ Դրանք հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Մեր դիրքորոշումը պարզ է եւ հիմնված է համաչափության վրա՝ սպառնալիք սպառնալիքի դեմ, համագործակցություն համագործակցության դեմ»,- հայտարարել է Հասան Ռոհանին։