23.11.2024
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Մամուլ. «Լուսավորների» նախարարները դուրս կգան, կլինեն իշխանություններին այլընտրանք

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունների օրը ԲՀԿ թիմն ընտրության արդյունքներին հետեւել է «կանյաչնիից», բայց առանց Ծառուկյանի։ Գրեթե ողջ խմբակցությունն է եղել։ Պատգամավորները վաղ առավոտից տարբեր շրջաններում հետեւել են ընտրությունների ընթացքին, ապա հավաքվել գործարանի իրենց գրասենյակում։ Արդյունքները նրանց համար շատ անսպասելի են եղել։ Նաիրա Զոհրաբյանը երեկոյան 10-ին մոտ հեռացել է՝ «սիրտը չի դիմացել»։ ԲՀԿ-ում վերլուծել են, որ մարդիկ իրենց խաբել են կամ էլ վախեցել են գնալ քվեարկության՝ ընտրությունների նախորդ օրը ոստիկանության գործողություններով պայմանավորված։ Ի տարբերություն 25 հազար 219՝ 6,61 տոկոս քվե ստացած ԲՀԿ-ի, «Լույս» դաշինքում գոհ են իրենց ցուցանիշից՝ 18 հազար 112 ձայն կամ 4,98 տոկոս։ Նրանք համեմատվում են ԲՀԿ-ի հետ, եւ չի բացառվում, որ ապագայում քննարկեն կառավարությունից իրենց նախարարների դուրս գալու եւ իշխանություններին այլընտրանք դառնալու հարցը։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին ևս կգնա միայնակ: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ իր կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում կկայացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին. «Մեր ցուցակում կընդգրկվեն հանրային գործիչներ, մասնագետներ, փորձագետներ, մարդիկ, ովքեր քաղաքական հավակնություններ ունեն և իրենց անցած ճանապարհը հայտնի է»: Նրա խոսքով՝ ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններից ևս ակնկալում է նույն պատկերը, ինչպիսին ստացվեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում. «Դա հեղափոխության տրամաբանության մեջ է, որովհետև մենք ի վերջո նպատակ ունենք կազմալուծել կոռումպացված քաղաքական և տնտեսական համակարգերը և դրա համար պետք է ստանանք քաղաքացիների ձայների մեծամասնությունը»: Ինչ վերաբերում է խորհրդարանական խմբակցությունների հետ սպասվելիք բանակցություններին, ապա Նազարյանը նկատեց, որ պետք է գտնել ԱԺ-ն առանց վարչապետի հրաժարականի լուծարելու տարբերակ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ից շարունակվում է արտահոսքը: Երբեմնի իշխանական կուսակցության անդամները հերթով լքում են ՀՀԿ-ն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հարցին, թե որքա՞ն մարդ է լքել կուսակցության շարքերը հեղափոխությունից հետո, նախ ասաց, որ ՀՀ-ում հեղափոխություն չի եղել, եւ դա ընդամենը հեղաշրջում էր: «Հեղաշրջումից հետո «ՀՀԿ»-ի շարքերը լքել է մոտ 6 հազար 400 մարդ»,- հավելեց նա: Ի դեպ, 6 հազար 400 մարդ ՀՀԿ-ն լքել է պաշտոնապես՝ կուսակցության գրասենյակ դիմում ներկայացնելով: Սակայն ՀՀԿ-ից հեռացածների թիվն իրականում ավելի մեծ է: Շատ շատերը թավշյա հեղափոխության օրերին ուղղակի պատռում կամ վառում էին իրենց անդամատոմսերը: Երեւույթը ֆլեշմոբ էր հիշեցնում: Շատերն էլ այս ընթացքում ուղղակի դադարեցրել են իրենց կուսակցական գործունեությունը, առանց այդ մասին տեղյակ պահելու: Այնպես որ, երբեմնի իշխանական կուսակցությունը, որ մեծ թվով անդամներ հավաքագրել էր նաեւ վարչական ռեսուրսի շնորհիվ, տխուր փաստի առաջ է կանգնել:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այս օրերին նույնպես ԱՄՆ-ում է՝ մեկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նույն ինքնաթիռով։ Նրանք մեկնելիս անգամ սելֆի էին արել եւ տեղադրել համացանցում։ Իսկ երեկ մի շարք միջոցառումների են մասնակցել միասին, եւ այս փաստը ոմանք գնահատել են որպես վարչապետի կողմից «քաղաքական աջակցություն» կաթողիկոսին, որի հրաժարականի պահանջով վերջին շրջանում տարբեր խմբեր ակցիաներ են կազմակերպում եւ գահընկեց անելու ծրագրեր մշակում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` նրան ետ կանչելու պաշտոնական պատճառ նշվելու է թոշակի տարիքը. Սահակյանը 63 տարեկան է: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանին, սակայն նա նշեց, թե չի կարող մեկնաբանել: «Դեսպանների նշանակումը եւ հետ կանչը նախատեսում է որոշակի արարողակարգային ընթացակարգեր, որոնց արդյունքում հրապարակվում է նախագահի հրամանագիրը: Մինչեւ այդ հրամանագրի հրապարակումը, որեւէ մեկնաբանություն չի արվում այս գործընթացի վերաբերյալ»,-ասաց նա: Նշենք, որ ավելի վաղ հետ էին կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ԵԿՄ-ում տեղի է ունեցել ազատամարտիկների, նախկին ու ներկա ԵԿՄ-ականների մասնակցությամբ նիստ, որտեղ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ազատամարտիկ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Ավելի վաղ նույն պաշտոնում քննարկվել էր նաև ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի թեկնածությունը, որը համաձայնել էր ստանձնել այդ պատասխանատվությունը: «Ժամանակ»-ի հետ զրույցում ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը՝ Ադիդասի Վովա, նշում է, որ ԵԿՄ-ում հակահեղափոխական ճամբարի ներկայացուցիչները «մուտիտ» են անում, փորձում են պառակտում մտցնել ազատամարտիկների ու հատկապես Սասուն Միքայելյանի և Արամ Սարգսյանի միջև: «Այնտեղ կային մարդիկ, ովքեր ժամանակին եղել են նախկին իշխանությունների կոշիկի թայը, աչքն ու ականջը, ու մեր շարժը ներկայացնում էին նրանց: Ասեմ՝ խոսքը Վարդան Ավետիսյանի մասին է, ես չեմ էլ թաքցնում: Ես եղել եմ այն տղերքից, ովքեր միշտ անուններով են ասել՝ ով ով է: Ես չեմ ուզում, որ Արամն ու Սասունը հագնեն իրար: Արամը պատահական տղա չէ, մեր ընկերոջ եղբայրն է, Սասունն էլ՝ դե մեր ընկերն է: Չգիտեմ, չպետք է թույլ տանք: Հանդիպելու եմ Սասուն Միքայելյանի հետ, կներկայացնի իր կարծիքն ու մտավախությունը ստեղծված իրավիճակում»,- ասաց նա»:


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Հայաստան է վերադարձել 2008թ. Մարտի 1-ի օրերին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ զրուցել նրա հետ, սակայն հեռախոսը պատասխանեց մեկ այլ անձ` նշելով, որ Հայկ Հարությունյանն այստեղ է, սակայն խոսել չի կարող զբաղվածության պատճառով: Մեր այն հարցին, թե իրեն Մարտի 1-ի գործով հարցաքննել են, ՀՀ նախկին ոստիկանապետի հեռախոսը պատասխանող անձը նշեց, որ ոչինչ ասել չի կարող, միայն կարող է ասել, որ Հայկ Հարությունյանը չի կարող խոսել, քանի որ շատ զբաղված է: Հատկանշական է փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործի նախաքննությունը նոր թափ ստացավ, եւ հիմա այն քննվում է բոլոր դրվագներով: Ու ենթադրվում է՝ այս գործով մեղադրյալներից մեկն էլ պետք է լինի հենց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Ի վերջո, ինչպես տեղեկացրել էր ՀՔԾ-ն՝ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ Ազատության հրապարակում հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Իսկ հետո ոստիկանության հակաօրինական գործողությունները կոծկելու համար բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել եւ շրջանառության մեջ են դրվել պաշտոնական փաստաթղթեր: Հասկանալի է՝ այս ամենը չէր կարող տեղի ունենալ առանց այն ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանի եւ նրա տեղակալների հանձնարարությամբ: Այնպես որ, տրամաբանական է, որ նա իր նախկին տեղակալների հետ էլ համալրի մեղադրյալների ցանկը, ճիշտ այնպես, ինչպես այսօր մեղադրյալի կարգավիճակում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ, հայ ֆուտբոլասերների կուռք Հենրիխ Մխիթարյանին, մեր տեղեկություններով, երեկ զրկել են դիվանագիտական անձնագրից։ Նման անձնագիր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները եւ նրանք, որոնց ՀՀ վարչապետի որոշմամբ տրամադրվում է։ Այսինքն՝ այն անձինք են, որոնք հայ ժողովրդի ու պետության «դեսպաններն» են դրսում՝ պետության վարկը բարձրացնողները։ Իսկ Հենոն, հաստատ, նրանց թվին է պատկանում։ Երեկ չկարողացանք ԱԳՆ-ից մեկնաբանություն ստանալ՝ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին են մեկնել։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է։ Նա շաբաթ օրը կրնկակոխ ուղեկցում էր աշխատանքային այցով մարզ այցելած վարչապետին։ Տեղեկություններ կան, որ Բենիամինյանն ու մարզպետ, «ՔՊ» անդամ Գարիկ Սարգսյանը մտերմացել են, եւ այդ հողի վրա Գազի Հովոյի սանիկ, ՀՀԿ-ական քաղաքապետ Բենիամինյանը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել իր ներսում եւ քաղաքապետարանում։ Նա քաղաքապետի տեղակալի պաշտոնից ազատել է իր կարատեիստ ընկերոջը՝ Ռոբերտ Ծատուրյանին, ով ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի թիկնապահը, եւ նրա փոխարեն նշանակել Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի ավագանու անդամ որդուն՝ Սերգեյ Մուրադյանին։ Վերջինս մի խմբի հետ վերջին շրջանում բոյկոտում էր ավագանու նիստերը»։