24.11.2024
Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
prev Նախորդ նորություն

Մամուլ. Եկել է ԱԺ-ն շաբաթներով շրջափակելու ժամանակը. Փաշինյանը շտապում է Երևան

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 81 տոկոս քվե, ստիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոսել ԱԺ-ն ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ինչպես հայտնի է, նա ԱՄՆ այցի ժամանակ ասել է` Երեւան վերադառնալուն պես բանակցությունների կհրավիրի բոլոր խորհրդարանական ուժերին, այդ թվում՝ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին նրանց հետ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը եւ պայմանները: ՀՀԿ-ականներն, իհարկե, կփորձեն դիմադրել, նույնիսկ երեկ այդ մասին որոշակի ակնարկներ էին հնչեցնում, սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, չի բացառվում, որ առաջիկայում, երբ Փաշինյանը ձեռնամուխ լինի արտահերթ ընտրությունների անցկացման, այդ քայլին գնա հասարակական ճնշման ներքո: Մասնավորապես, հավանական է, որ բանը հասնի ԱԺ-ն մեկ-երկու շաբաթով շրջափակելուն եւ այդպես խորհրդարանի վրա հասարակական ճնշում գործադրելուն: Ի դեպ, այս պրակտիկան եղել է նաեւ Ղարաբաղյան շարժման օրերին, հատկապես 89-90 թվականներին, երբ մարդիկ օրերով շրջափակում էին Գերագույն խորհրդի շենքը` ստիպելով քննարկել համապատասխան հարցեր»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վաղը ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը կհրավիրի հերթական նիստը, որի ժամանակ կքննարկվեն աշխատանքային կանոնակարգի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, կազմակերպչական այլ հարցեր, ինչպես նաեւ՝ ում են հրավիրելու բացատրություններ տալու։ Հանձնաժողովը կարող է վարչապետից մինչեւ գլխ․ դատախազ, ԱԱԾ տնօրեն, ՀՔԾ պետ, դատավորներ հրավիրել լսելու։ Ինչ վերաբերում է տեղակալին, ապա ՀՀԿ-ն հակված է ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի թեկնածությանը, սակայն «Ելքը» գտնում է, որ պետք է լինի «ՔՊ»-ական Հովիկ Աղազարյանը։ ԱԺ կանոնակարգն արձանագրում է, որ նման հանձնաժողովների տեղակալը պետք է լինի ընդդիմությունից։ Դուք ընդդիմությո՞ւն եք՝ հարցրել են «ՔՊ»-ին, ակնարկելով, որ այս պահին ընդդիմությունը ՀՀԿ-ն է, ու կարող է Ռուստամ Մախմուդյանը դառնալ տեղակալ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտման. հիշում եք՝ եղան աղմկահարույց ձերբակալություններ ու կալանավորումներ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյան, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյան, «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյան եւ այսպես շարունակ: Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանին ու նրա զավակներին մեղադրանք առաջադրվեց, նաեւ մյուս եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց, մյուսը հետախուզման մեջ է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այսքանից հետո կալանքի տակ շարունակում է մնալ միայն գեներալ Մանվել Գրիգորյանը, իսկ ահա մյուս կալանավորվածները կամ ձերբակալվածներն ազատ են արձակվել, փոխվել է նրանց խափանման միջոցը: Ու հետաքրքիրն այն է, որ երեք-չորս ամիս անց դեռեւս որեւէ քրեական գործի նախաքննություն չի ավարտվել, այն դատարան չի ուղարկվել: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ըստ Datalex համակարգի, մի շարք ընկերություններ գումարի բռնագանձման պահանջով հայցեր են ներկայացրել ընդդեմ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի: Ծաղկաձորում գտնվող հյուրանոցային շքեղ համալիրի դեմ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան հայց են ներկայացրել «Սոս-սիսթեմս» ՍՊԸ-ն, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն՝ 611 հազար 400 դրամ գումարի պահանջով: Մեր տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանի գործերը տեւական ժամանակ է՝ լավ չեն, «Կեչառիս» հյուրանոցը բավականին պարտքեր ունի մատակարար ընկերություններին: Ի դեպ, վերջերս նա հաճախ է այցելում «Կեչառիս», որին կից «Կեչառիս Գարդնս» քոթեջներն էլ վաճառքի է հանել: Լավատեղյակները «Կեչառիսի» դժվարությունները բացատրում են վատ մենեջմենթով։ Ասում են՝ փոքր վնաս չի հասցրել նաեւ նրա որդին, ով ընկերների հետ հաճախ է գալիս՝ ուտում-խմում-գնում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բուհերի ապակուսակցականացվելու, ինքնավար եւ ինքնակառավարվող լինելու հրամայականի մասին խոսեց ե՛ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Բայց արի ու տես, որ բուհերի կառավարման խորհուրդները շարունակում են մնալ կուսակցականացված: Ավելին` նախարար Հարությունյանը բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է իր կուսակիցներով՝ ՔՊ-ականներով: Մշակույթի ՔՊ-ական նախարար Լիլիթ Մակունցը դառնալու է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհուրդի նախագահ՝ Հասմիկ Պողոսյանի փոխարեն, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին հնարավոր է փոխարինի առողջապահության ներկայիս դարձյալ ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը, եւ այսպես շարունակ: Ամենայն հավանականությամբ, նախարարն այսպես է վարվում` գիտակցելով, որ կարող է ինքը կարճ ժամանակ պաշտոնավարել, եւ ուզում է դրանից հետո դառնալ ԵՊՀ ռեկտոր: Ուստի Հարությունյանը փորձում է կամաց-կամաց իր համար ճանապարհ հարթել դեպի ԵՊՀ: Ցավոք, այս ամենն անում է նախկին իշխանությունների գործելաոճով:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի որոշ պաշտոնյաներ խոսում են ԵԱՏՄ միասնական արժույթին անցնելու անհրաժեշտության կամ նպատակահարմարության մասին, ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առևտուր անելուց՝ նախապատվությունը տալով դոլարին: Հայաստանում հացահատիկի և անասնակերի թանկացումը ներմուծողները բացատրում են այդ հանգամանքով. ռուսական ռուբլու արժեզրկումից հետո ռուսական բազմաթիվ ընկերություններ իրենց ապրանքի գները ֆիքսել են դոլարով և գնորդներից պահանջում են վճարումները կատարել դոլարով: Ահա և ԵԱՏՄ-ն ու միասնական տնտեսական տարածքի գաղափարը իրական կյանքում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներն իսկապես անսպասելի էին: Որ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը լինելու էր առաջատար, որեւէ մեկը չէր կասկածում, սակայն հազիվ թե որեւէ մեկը հավատար, որ այն կստանա ավելի քան 81 տոկոս քվե: Ճիշտ այնպես, ինչպես տարեսկզբին որեւէ մեկը չէր հավատում, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի թավշյա հեղափոխություն իրականացնել՝ պարտադրելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ ու ՀՀԿ-ին հեռացնելով իշխանությունից:  Իհարկե, պետք է արձանագրենք, որ 81 տոկոս քվեն «Իմ քայլը» ստացավ Նիկոլ Փաշինյանի ու թավշյա հեղափոխության շնորհիվ: Այսինքն՝ դրանք ոչ թե «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի, այլ Նիկոլ Փաշինյանի քվեներն էին. ժողովուրդն այսպես իր աջակցությունը հայտնեց Փաշինյանի իշխանությանը` միաժամանակ տալով խորհրդարանը ցրելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու քարտ բլանշ: Բայց եւ Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետ դառնալուց հետո պետք է խնամքով մոտենա իրենց հաղթանակին, պետք է աշխատել ուժերի գերլարումով չհիասթափեցնելու մարդկանց, որովհետեւ իրենք ստացել են գերակշիռ մեծամասնության վստահության քվեն: Միաժամանակ, նա չպետք է կրկնի նախորդի սխալերը: Նա նաեւ չպետք է կրկնի նոր իշխանության վրիպակները` չկտրի ինստիտուցիոնալ հիշողության թելը, այսինքն՝ չպետք է իրականացնի կադրային ջարդ, այլ թավշյա սերնդափոխության ճանապարհով ընթանա: Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակից ուժերին, ապա նրանցից յուրաքանչյուրը հետեւություններ պետք է անի՝ ի վերջո, որքա՞ն քվե ստացան իրենք ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում առանց իշխանության «դաբրոյի», առանց ընտրակաշառքի, առանց վարչական ռեսուրս կիրառելու: Եւ որոշ քաղաքական ուժեր ճիշտ կանեն` մտածեն՝ արդյոք իմաստ ունի իրենց գոյությունը քաղաքական ասպարեզում, եթե արդար ընտրություններում սարսափելի քիչ ձայն են ստանում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների նախարարության «ԿՌՈՒ»-ի՝ ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետ Արման Զարգարյանի՝ ՊԵԿ տեղափոխվելուց անցել է 1 ամիս (նա նշանակվել է ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ), իսկ վերահսկողականի պետի պաշտոնը դեռ թափուր է։ Տեղեկացանք, որ, ամենայն հավանականությամբ, այստեղ կնշանակվի ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ 60-ամյա Արա Ասլիկյանը, ով եղել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարության ֆինանսական տեսչության պետ, ապա 2009-ից ոստիկանության գլխավոր ֆինանսիստն էր։