Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներկայումս գործող տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում:
Նրա խոսքով, հաշվի առնելով այն, որ ՀՀ տնտեսությունն իրենից ներկայացնում է ագրարային, ընդ որում՝ ոչ տեխնոլոգիական արտադրանք, ինչպես նաև մոլախաղեր, ընդերքի արտահանում, այս տնտեսական կառուցվածքը չի կարող «մեզ ոչ մի կերպ ձեռնտու լինել»։
2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7.7 տոկոս:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.4 տոկոսով, շինարարության ծավալը՝ 8.5, առևտրի շրջանառության ծավալը՝ 9.7 տոկոսով: Զգալի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում՝ կազմելով 18.9 տոկոս: Փոքր-ինչ նվազում է նկատվում գյուղատնտեսության ոլորտում. մասնավորապես, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2017 թվականի հունվար-օգոստոսի համեմատ նվազել է 1 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճն ընթացիկ տարվա առաջին 8 ամսում կազմել է 26.4 տոկոս. մասնավորապես, արտահանումը՝ 16.5 տոկոս, ներմուծումը՝ 32 տոկոս:
«Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակվող գյուղատնտեսություն։ Մենք պետք է գնանք շատ լուրջ քայլերի, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա։ Այս ռևերսի, փոփոխության շրջանում մենք նաև որոշակի տնտեսական, ֆինանսական բարդություններ, դժվարություններ ունենալու ենք, բայց մենք պետք է գնանք այդ փոփոխություններին», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ռազմավարական առումով պետք է բացառել այն իրավիճակը, «երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, ու երբ որ ուզում ենք հասկանալ, թե դա ինչ ցուցանիշ է, պարզվում է, որ ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով և պարտվելով»:
«Բնականաբար, այս երեք խնդիրը մենք պետք է լուծենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: