Երրորդ հանրապետության հռչակումից հետո 24 տարվա ընթացքում Հայաստանում մեծացել է սերունդ, որը գիտի ազատության գինը և պատրաստ է այն պաշտպանել: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ֆրակցիայի անդամ Գագիկ Մինասյանը:
«Կարծում եմ, որ այսօրվա սերունդը, որը ծնվել է Հայաստանում վերջին 24 տարվա ընթացքում իրեն լիովին ազատ է զգում: Այս սերունդն իրեն չի պատկերացնում այլ իրականության մեջ: Անկախությունը՝ օդի պես է: Երբ այն կա, մենք այն չենք զգում, սակայն երբ այն բացակայում է՝ մենք խեղդվում ենք: Իհարկե, անկախության կայացման և ամրապնդման գործընթացը դժվար է և բարդ: Մենք պետականություն ենք կառուցում ընդամենը մեկ քառորդ դար և հասկանալի է, որ շատ խնդիրներ դեռևս լուծված չեն: Խոսքը վերաբերվում է ոչ միայն Հայաստանին»,-նշել է Մինասյանը:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանության և հասարակության առջև կանգնած է սեփական սխալները գիտակցելու և դրանք ուղղելու մեծանիզմների որոնման խնդիրը:Այդ կոնտեքստում, ըստ նրա, սկսված սահմանադրական բարեփոխումների գործընթացը կարող է դառնալ առկա խնդիրների լուծման կարևորագույն գործիքներից մեկը:
Ի տարբերություն Մինասյանի՝ ավելի քննադատաբար է այսօրվա իրականությանը վերաբերվում ընդդիմադիր "Նոր ժամանակներ" կուսակցության նախագահ
Արամ Կարապետյանը:
«Անկախությունը, որպես փիլիսոփայական կատեգորիա ինձ շատ է դուր գալիս: Շատ կարևոր է, որ հայ ժողովուրդը կարողացել է ձեռք բերել այդ անկախությունը: Սակայն այսօրվա աշխարհում քաղաքական և տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ շատ քիչ երկրներ կան, որոնք կարող են այս կամ այն չափով անկախ մնալ: Ցավոք, այս վերջին 24 տարվա ընթացքում մենք չենք կարողացել ստեղծել արդյունավետ պետություն՝ բազմաթիվ պատճառներով: Անկախ Հայաստանը չի կարող ապահովել բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Դա մեծ թերացում է»,-նշել է Կարապետյանը:
Որպես ձեռքբերում Կարապետյանն ընդգծում է Արցախի պահպանումը: «Դա մեծ ձեռքբերում է: Երկրորդ ձեռքբերումը՝ հայ երիտասարդության շրջանում ազատության ոգու, մարդկային ազատության ոգու պահպանումն է: Դա լուրջ կապիտալ է, և այն պետք է ուղղվի դեպի ճիշտ հուն երկրի հետատա զարգացման համար»,-նշեց Կարապետյանը մեզ հետ զրույցում:
Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն
Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, պետականության կայացման համար անհրաժեշտ են ժամանակ և ջանքեր:
«Քառորդ դարի ընթացքում տեղի են ունեցել շատ իրադարձություններ, որի ընթացքում կայացել է հայկական պետականությունը: Ստեղծվել են ինստիտուտներ, որոնք անհրաժեշտ են պետականության համար՝ բանակ, ֆինանսական համակարգ, դիվանագիտություն, ընտրական համակարգ, սահմանադրություն, դրամ և այլն: Բացի այդ, ամենակարևորը, այսօր մենք ունենք անկախության սերունդ: Այդ սերնդի համար հայկական դրամի, եռագույնի, զինվորական համազգեստի, բանկային համակարգի գոյությունը բնական և նորմալ միջավայր է»,- նշեց Իսկանդարյանը
VERELQ-ի հետ զրույցում:
Քաղաքագետը հիշեցնում է, որ բոլոր թվարկված անկախության ատրիբուտները հայ ժողովրդին բաժին են հասել ընտրության բարդ գործընթացի արդյունքում:
«Մենք ընտրել ենք ունենալ ազգային արժույթ, թե ոչ, մենք ընտրել ենք կառուցել սեփական տնտեսություն, թե տնտեսություն, որը կգործի ԱՊՀ-ի միասնական տնտեսական համակարգի շրջանակներում: Այսօր մեր առջև կանգնած են տնտեսական և քաղաքական զարգացման խնդիրները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, երկրի ներսում ամուր և հզոր լեգիտիմ պետական կառույցների ձևավորումը: Պետք է կատարելագործել այդ ամենը»,- ասաց քաղաքագետը: