Արցախի հարցում կարևորագույն խնդիրն անվտանգության և կարգավիճակի ապահովումն է․ Ղուլյան
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ի մամուլի ծառայությունից։
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի եւ առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում Արցախի Հանրապետության ներկայացման գործում:
Խոսելով ներկայիս մարտահրավերների եւ առաջադրված խնդիրների մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի հարցում այժմ կարեւորագույն խնդիրը անվտանգության եւ կարգավիճակի ապահովումն է:
Մտքեր են փոխանակվել երկուստեք փոխգործակցության, միջխորհրդարանական դիվանագիտության ակտիվացման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը եւ ԱՀ արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը: