24.11.2024
Սա հեղափոխության երկրորդ էտապն է, թե՞ Երևանի ավագանու ընտրություններ. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Երևանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը՝ Ստեփանակերտի մասնակցությամբ. վարչապետ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է առանց բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն այս կերպ արձագանքեց Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությանը:


Փաշինյանը նշեց, որ մեկ անգամ չէ, որ հայտարարել է բանակցային գործընթաում լիարժեք մասնակցության իր պատրաստակամության մասին: Սակայն հիշեցրեց, որ նաև ասել է, որ իրավասու է բանակցել միայն Հայաստանի անունից, բայց ոչ Արցախի, քանի որ ոչ այդ հանրապետության նախագահն է, ոչ էլ վարչապետը:


«Ես վերահստատում եմ բանակցային գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունս,  չկա դեպք, որ առաջարկվել է բանակցել և Հայաստանը հրաժարվել է դրանից», - ասաց նա:


Փաշինյանը նաև նկատեց, որ բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների պատճառով:


«Եթե մենք վարում ենք բանակցություններ հակամարտության կարգավորման նպատակով, ապա մենք չենք պատկերացնում այդ գործընթացն առանց հակամարտության կողմի մասնակցության: Իսկ եթե բանակցում ենք զուտ բանակցելու համար, մենք պատրաստ ենք աշխատել նաև այդ ձևաչափով, բայց քանի դեռ հաստատված չէ Արցախի մասնակցությունը գործընթացում, դա կնշանակի, որ մենք հեռու ենք հանգուցալուծումից: Իսկ իրականում բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է այն ռազմաշունչ մթնոլորտը, որը հաստատվում է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողությունների պատճառով: Բայց միևնույն է, ես պատրաստ եմ հաստատել իմ պատրաստակամությունը շարունակել բանակցությունները և հատուկ ընդգծում եմ, որ չի եղել դեպք, երբ առաջարկ է ստացվել շարունակել բանակցությունները և Հայաստանը դրանից հրաժարվել է» ,- հավելեց վարչապետը: