24.11.2024
Երևանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը՝ Ստեփանակերտի մասնակցությամբ. վարչապետ
prev Նախորդ նորություն

Ամուլսարի խնդիրները. վարչապետն ընդունել է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր:


Մի քանի շաբաթ է արդեն ՀՀ Վայոց Ձորի մարզում «Լիդիան Արմենիա» ընկերության «Ամուլսար» հանքավայրի շինարարության ծրագիրը դադարեցված է, քանի որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույցեր են իրականացնում ընկերության դեմ: Lydian International Limited-ի դուստր ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա»-ն ներկայումս Հայաստանի տնտեսությունում ամերիկյան խոշորագույն ներդրումն ապահովող ընկերություններից մեկն է:


Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքավայր այցից եւ բանապահպանների ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպումից հետո խնդրի հանգուցալուծման հեռանկարը մնում է մշուշոտ:


Այժմ ՀՀ բնապահպանության նախարարության տեսչական մարմինը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: