24.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Լոզունգներ, թվեր եւ ժամանակավրեպ հարցեր. ինչո՞ւ Փաշինյանն ու Վարդանյանը բանավիճեցին

Մոսկվայում օգոստոսի 8-ին հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի միջեւ տեղի ունեցած բանավեճը մեծ արձագանք ստացավ քաղաքական, լրատվական ու փորձագիտական շրջանակներում:


Մի կողմից նշվում է, որ Փաշինյան-Վարդանյան բանավեճը երկու տարբեր պատկերացումների, աշխարհայացքների բախման լավ օրինակ է, երբ գործարարը կոնկրետ թվեր է պահանջում, իսկ քաղաքական գործիչը խոսում է լոզունգներով: Մյուս կողմից, նշվում է, որ Վարդանյանի բարձրացրած կայունության մասին հարցերը ժամանակավրեպ են հետհեղափոխական Հայաստանում, որտեղ ժամանակավոր կառավարություն է գործում, իսկ մարդիկ չգիտեն, թե “ինչ է գալու վաղն իրենց գլխին”:


Մոսկվայում գործարար հանդիպման ժամանակ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին հորդորեց խոսել թվերով, ոչ թե հանրահավաքային լոզունգներով, եւ ուղղեց երեք հարց, որոնք վերաբերում էին հետհեղափոխական Հայաստանում տնտեսական ու քաղաքական կայուն միջավայրի ձեւավորմանը, հարկերի կրճատմամբ երկրի տնտեսական միջավայրի գրավչության բարձրացմանը եւ սփյուռքի հետ աշխատանքին: Փաշինյանը նշեց, որ իրավիճակը ՀՀ-ում շատ կայուն է, ընթանում է Հարկային օրենսգրքի բարեփոխում, իսկ սփյուռքի հետ աշխատում են՝ չբաժանելով համայնքների ներկայացուցիչներին յուրայինների ու թշնամիների:


Քաղաքական մեկնաբան Տիգրան Խաչատրյանի խոսքով, երկու տարբեր պատկերացումների, աշխարհայացքների բախման մի լավ օրինակ է Փաշինյանի ու Վարդանյանի բանավեճը։ “Փաշինյանը, որպես լրագրող և քաղաքական գործիչ, ճարտասանում է, խոսում այնպիսի հարցերի մասին, որ գործարարներին այնքան էլ չի հետաքրքրում”, - նշում է նա ու շարունակում. “Գործարարը սիրում է փաստեր, թվեր, այլ ոչ թե մտադրություններ, կենացներ, բարի ցանկություններ։ Հետևաբար նման հարց է տալիս, թե որտեղ կարելի է Հայաստանում ներդրում անել և շահույթ ստանալ, ինչ հարկեր են, իսկ քաղաքական առումով բիզնեսին հետաքրքրում է ամենից առաջ երկրի կայունությունն ու կանխատեսելիությունը”։


Փաշինյանն էլ, նրա խոսքով, հակադարձում է իրեն բնորոշ ոճով, կրկին լավ ճարտասանելով։ “Նա կարծես ավելի շատ խոսի հանդիսատեսի կամ ժողովրդի հետ, քան գործարարների։ Նա խոսում է կարտոֆիլի և այլ ապրանքների ինքնարժեքի մասին, որը թեմայի հետ կապ չունի։ Նա խոսում է փոքր բիզնեսին աջակցելու հարկային փոփոխությունների մասին, ինչը խոշոր բիզնեսի հետ որևէ կապ չունի։ Նա խոսում է պետական որոշ կառույցների օպտիմալացման մասին, ինչը բիզնեսին որևէ կերպ չի հուզում։ Նա խոսում է հիփոթեքային վարկերի տոկոսների իջեցման մասին, որը կրկին խոշոր բիզնեսի առաջնային հետաքրքրության տիրույթում չէ, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որը այնքան էլ համոզիչ չէ”, - նշում է Խաչատրյանն իր Facebook-յան էջում։


Այս երկու տեսակը, վստահ է նա, Հայաստանում միշտ իրար չեն հասկացել։ “Եվ Հայաստանը միշտ տնտեսությունից գլուխ հանող ղեկավարի կարոտ է եղել։ Պետք է միաժամանակ զբաղված լինել և պետական գործով, և բիզնեսով, որպեսզի հասկանաս երկուսին էլ։ Իհարկե, բիզնեսին քաղաքական ճառերով չես գաղթակղի։ Գործարարն, առավել քան որևէ մեկը, լավ գիտի, թե ինչ է կատարվում երկրում։ Եվ պետք է հարց տալ ինքդ քեզ։ Լինելով գործարար և փողի տեր մարդ` Հայաստանում ներդրում կանեի՞ր։ Դժվար թե”, - նշում է քաղաքական մեկնաբանը։


Հայաստանում մաքուր բիզնեսով լավ շահույթ ունենալը շատ բարդ խնդիր է։ “Արտասահմանի, թեկուզ չափազանց հայրենասեր հայ գործարարը պետք է կամ բարեգործ լինի, կամ անուղեղ այսպիսի տնտեսությամբ երկրում լուրջ ներդրումներ անելու համար։ Ուստի լոզունգներով ներդրումներ բերել անհնար է։ Եթե քո իսկ երկրի խոշոր գործարարները իրենց գումարները դուրս են հանում երկրից, ապա ինչպե՞ս պետք է դրսից ներդրումներ բերես։ Նախ պետք է հիմնովին լուծել երկրի ներքին խնդիրները, ներքին ներդրումները պետք է ավելանան, որ դրսից նայողը շարժ տեսնի։


Հեղափոխական միֆերով ժողովրդին կարելի է որոշ ժամանակ մոլորեցնել, բայց ոչ բիզնեսի մարդկանց։ Փաշինյանն ունի շատ լավ մտադրություններ, քաղաքական առումով գրագետ է, բայց տնտեսական հարցերում ունի բանիմաց կադրերի լրջագույն պակաս կամ այդ կադրերին չի ցանկանում վստահել։ Մինչդեռ որպես վարչապետ նրա գլխավոր քննությունը տնտեսությանն է վերաբերում։ Անձամբ ես չէի ցանկանա, որ նա, ինչպես նախորդները, տապալվեր այդ հարցում։ Հայաստանը տնտեսապես մաշվում է ամեն օր, և դա պետք է կասեցվի”, - վստահ է նա։


Մյուս կողմից լուրերի մեկնաբան, լրագրող Արմեն Դուլյանը կարծում է, որ Վարդանյանի բարձրացրած կայունության մասին հարցերը ժամանակավրեպ են հետհեղափոխական Հայաստանում, որտեղ ժամանակավոր կառավարություն է գործում, իսկ մարդիկ չգիտեն թե “ինչ է գալու վաղն իրենց գլխին”:


Նա պատկերավոր կերպով է նկարագում ՀՀ-ում ստեղծված իրավիճակն ու Ռուբեն Վարդանյանի բարձրացրած հարցերը: “Ոնց որ կռվի թեժ պահին հարցնես՝ ինչ եք անում սանիտարական նորմերը պահպանելու համար”, - նշում է Դուլյանը:


“Ուղղակի զարմանում ես՝ ինչպես կարելի է նման հարց ուղղել ժամանակավոր կառավարության ղեկավարին: Չգիտենք, թե սահմանադրական ճգնաժամից ինչպես ենք դուրս գալու: Չգիտենք, թե խորհրդարանն ինչպես ենք ցրելու: Չգիտենք, թե պառլամենտում մինչեւ հիմա մեծամասնություն կազմող հանրապետականները ինչ անականկալներ են մատուցելու: Մի խոսքով, չգիտենք, թե վաղը մեր գլխին ինչ է գալու: Իսկ դուք կանխատեսելի միջավայր եք ակնկալո՞ւմ”, - եզրափակում է նա: