23.11.2024
Մոսկվան անհանգստացած է ՀՀ-ում տեղի ունեցող ձերբակալություններով․ Լավրով
prev Նախորդ նորություն

Ես էս ազգից գլուխ չեմ հանում․ ԿԳ նախարարը՝ Հայկ Մարությանի հայտարարության մասին

Ես էս ազգից գլուխ չեմ հանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան՝ հրաժարվելով ըստ էության մեկնաբանել Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում այսօր կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր։


Արայիկ Հարությանն արձագանքեց շատ լակոնիկ․ «Ես էս ազգից գլուխ չեմ հանում։ Մի տեղ ասում են սեւ ու սպիտակ թող լինի, մի տեղ ասում են սեւ ու սպիտակ չլինի»։


Լրագրողների հարցին, թե ծանո՞թ է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով նա արձագանքել է Մարությանի հայտարարությանը եւ անվանել նրան «գավառական ծաղրածու», նախարարը շեշտեց. «Ես Վիգեն Սարգսյանի ստատուսները կարդալու ժամանակ չունեմ»։


Արայիկ Հարությունյանը հավելեց, որ Հայկ Մարությանն արդեն իսկ պարզաբանում տվել է, «լրացուցիչ պարզաբանումների կարիք, իր կարծիքով, չկա»։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը, ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ելույթ էր ունեցել ու նշել, որ իրենց թիմի դեմ խաղ չկա ու իրենք սպիտակ ուժերն են, իսկ ովքեր իրենց դեմ են՝ սեւ ուժեր: Հայկ Մարությանի ելույթից հետո համացանցում բուռն քննարկումների առիթ դարձան նրա խոսքերը, ինչին հետեւեց քաղաքապետի թեկնածուի պարզաբանումը:


«Ես ամենեւին անթերի չեմ, եւ կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձեւակերպել խոսքս, եւ, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։ Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, եւ դա Հայաստանի ժողովուրդն է», - ասված է Հայկ Մարությանի պարզաբանման մեջ։