ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որեւէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին:
Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ արձագանքելով «Ինտերֆաքս»-ի այսօրվա՝ անանուն աղբյուրներին կատարված հղումով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի արտահանձման խնդրի վերաբերյալ հրապարակմանը:
Հաշվի առնելով, որ մի քանի լրատվամիջոցներ դատախազություն են դիմել միեւնույն հարցով՝ կապված «Ինտերֆաքս» գործակալության այսօրվա՝ անանուն աղբյուրներին կատարված հղումով հրապարակման հետ՝ առ այն, որ հայկական կողմը պաշտոնապես ՌԴ իրավապահ մարմիններին է դիմել 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում կատարված իրարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին հանձնելու հարցով, Գոռ Աբրահամյանը հետեւյալի մասին:
«ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որեւէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին: Հետեւաբար՝ նման պայմաններում կոնկրետ նշված անձին հանձնելու հետ կապված որեւէ միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունից չէր կարող ներկայացվել:
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում դրա մասին, օրենքով, ինչպես նաեւ համապատասխան միջազգային ակտերով սահմանված ընթացակարգերով տեղեկացվում է բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնք ՀՀ-ի հետ գտնվում են համապատասխան իրավապայմանագրային հարաբերությունների մեջ»,- ասված է Աբրահամյանի Facebook-յան գրառման մեջ:
Ավելի վաղ «Ինտերֆաքս», հղում կատարելով անանուն աղբյուրին, հայտնել էր, որ ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, որն այժմ այն գտնվում է քննարկման փուլում։
«Ինտերֆաքսի» աղբյուրի պնդմամբ, նախնական որոշում կայացվել է, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ հաստատվել է, որ 2002 թվականից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր:
Նշվում է, որ ՌԴ Սահմանադրության համաձայն, Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում օտարերկրյա պետություններ, այդ թվում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: