Մոսկվան չի հանձնի Երևանին Միքայել Հարությունյանին
Ռուսաստանի իրավապահ մարմինները ստացել են Հայաստանի իրավապահների դիմում՝ 2008 թ. Մարտի 1-ի դեպքերի քրեական գործով ԱՊՀ երկրների միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արտահանձնման վերաբերյալ:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ՌԴ իրավապահ մարմինները Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այժմ այն գտնվում է քննարկման փուլում։ «Ինտերֆաքսի» աղբյուրի պնդմամբ, որ նախնական որոշում կայացվել է, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ հաստատվել է, որ 2002 թվականից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր:
Նշվում է, որ ՌԴ Սահմանադրության համաձայն, Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում օտարերկրյա պետություններ, այդ թվում, քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Միքայել Հարությունյանը, հիշեցնենք, մարտի 1-ի գործով մեղադրյալներից է և մեղադրվում է 2008-ին Հայաստանում սահմանադրական կարգը մի խումբ անձանց հետ տապալելու համար։