24.11.2024
Եթե դիտարկվի Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ն կօգտագործի վետոյի իր իրավունքը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասելիք ու անելիք ունի. Շարմազանով

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը լուրջ ասելիք ու անելիք ունի: Եվ նա ոչ թե կզբաղվի, այլ արդեն զբաղվում է քաղաքականությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է Հանրապետական կուսակցության կոնսոլիդացումը Քոչարյանի շուրջ, Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն կոնսոլիդացված է իր գաղափարների և իր օրակարգի շուրջ, և ով այդ պայքարում և օրակարգում կօժանդակի իրենց կամ կլինի իրենց դաշնակիցը, ապա նաև իրենք պատրաստ են բոլոր առողջ ուժերի հետ համագործակցել: Այդ թվում և Ռոբերտ Քոչարյանի հետ.

«Մեզ համար առաջնային է ազգային և քրիստոնեական համակարգի պահպանությունը, որի առումով վերջին ամիսներին ես լուրջ վտանգ եմ տեսնում: Եվ ոչ միայն ես, այլև շատ իմ գործընկերներ: Եվ չի բացառվում, որ Ազգային Ժողովում օրենսդրական մի շարք նախաձեռնություններով հանդես գանք, որոնք ուղղված կլինեն քրիստոնեական արժեքների, ավանդական ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանությանն ու ամրապնդմանը: Եվ նաև օրենսդրական նախաձեռնությամբ, որը աղանդավորական շարժումների դեմ կլինի, կա՛մ պղծության քարոզի, կա՛մ հոմոսեքսուալիզմի քարոզի դեմ՝ կքննարկենք դեռ»,- հայտարարեց Շարմազանովը:

Երկրորդը, որ շատ է անհանգստացնում Հանրապետականին, Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն է և Եվրասիական տնտեսական միությունում ու ՀԱՊԿ-ում ՀՀ դիրքերի ամրապնդումը: Իսկ Արցախի հարցում, շեշտեց ԱԺ փոխնախագահը, ՀՀԿ-ն լինելու է անզիջում, ինչպես նաև հետևողական են լինելու, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչվի.

«Եթե այդ օրակարգում կլինեն գործիչներ, ովքեր կսատարեն ՀՀԿ-ին կամ կարիք կլինի համախմբվելու՝ խնդիր չկա: Կրկնում եմ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասելիք ու անելիք ունի»,- ընդգծեց ՀՀԿ-ական գործիչը:

Լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը այս հարցում, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել ՀՀԿ-ում, բայց Քոչարյանի կալանավորման հետ կապված կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որը, բնականաբար, առանց կուսակցության նախագահի չի կարող լինել:


Նշենք, որ ՀՀԿ-ն իր հայտարարության մեջ նշել էր, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործից ու կալանքի միջնորդությունից քաղաքական հետապնդման տպավորություն է ստացել: ՀՀԿ-ն նաև իր մտահոգություն էր հայտնել վերջին իրադարձությունների վերաբերյալ։