Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Հովիկ Աբրահամյանի մերձավորին. ՀՔԾ
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մաս) մեղադրանք է առաջադրվել Ամբիկ Գևորգյանին։ Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, Ամբիկ Գևորգյանը ձերբակալվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր հետ օգոստոսի 8-ին:
Նշենք, որ Ամբիկ Գևորգյանի անունով է ձևակերպված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենքն ու ռազմամթերքը:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվեցին: Ավելի ուշ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ կա վարկած, որ հայտնաբերված զենքերը հնարավոր է առնչություն ունեն 2008-ի մարտի 1-ին կիրառված զենքերի հետ։