22.11.2024
Նույնասեռականները ներխուժել են ոստիկանության բաժին. ոստիկաններ են վնասվածքներ ստացել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Ազարյանը ինքնաբացարկ չհայտնեց

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաքննիչ բողոքը քննեց եւ նրան ազատ արձակելու որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որը 1998-99թթ. եւ 2001-2006թթ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում: Տեսակետ կա, որ հենց այս հանգամանքն էլ դեր է խաղացել, որ Ազարյանը որոշի Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին: Բայց, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատավոր Ազարյանը դատաքննությունից առաջ կողմերին հարցրել է՝ արդյոք իրեն ինքնաբացարկ հայտնելու հիմքեր տեսնում են: Սակայն ո՛չ մեղադրող, ո՛չ պաշտպանական կողմը որեւէ առարկություն չի ներկայացրել ու դատավորին ինքնաբացարկ չի հայտնել: Դրանից հետո էլ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությունը: Բայց փաստորեն ստացվում է` իզուր»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մի խումբ ակտիվիստներ տապալեցին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ ներխուժելով այն սրահը, որտեղ պետք է կայանար ասուլիսը։ 2-րդ նախագահի թիկնապահը դժվարությամբ դիմադրել է, ապա Քոչարյանին արագորեն շենքի հետնամուտքով տեղափոխել են ապահով վայր։ Սրանով մի խումբ մարդիկ թույլ չտվեցին, որ լրագրողները կատարեն իրենց պարտքը, եւ հասարակությունը իրազեկված լինի։ Իսկ Ռ․ Քոչարյանը տեւական ժամանակ ասուլիսներ, հարցազրույցներ չէր տվել, եւ լրագրողները բազմաթիվ հարցեր ունեին նրան ուղղված։ Պարզ չէ, թե ինչ շահեց հասարակությունն այս ակցիայից, բայց բազում հարցեր մնացին օդում կախված եւ չպարզաբանված։ Անշուշտ, Քոչարյանն իր ասելիքը տեղ հասցնելու ձեւեր կգտնի, բայց մենք՝ շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներս, այլեւս հնարավորություն չենք ունենա նրան ուղղել մեր հարցերը, որոնք հաստատապես հաճելի չէին լինելու եւ շատ մութ հարցերի վրա էին լույս սփռելու։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին տեղեկության հրապարակումից հետո քաղաքացիները սկսել են շատ ակտիվ նախապատրաստվել դրան: Մասնավորապես քաղաքացիներից շատերը վարչապետ Փաշինյանին ուղղված նամակներ են պատրաստել եւ նրանք ձգտելու են այդ օրը նամակները փոխանցել նրան: Ենթադրվում է՝ այդ նամակներում մեծամասամբ անձնական խնդրանքներ են լինելու, եւ ակնկալիքներ, որ Փաշինյանը կլուծի իրենց խնդիրները: Բացի այդ` արդեն իսկ ինքնաբուխ ստեղծվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք այդ օրը պետք է տարբեր վայրերից երթով հասնեն հրապարակ՝ միանալու հանրահավաքի մասնակիցների հոծ բազմությանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել Մարտի 1-ի գործը, որի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ: Մեզ տեղեկություններ են հասել, որ գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաեւ արդարադատության նախկին նախարար, այժմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը: Նա 2007-2010 թթ․ եղել է արդարադատության նախարար, այդ ընթացքում ինչ-որ կարեւոր փաստաթուղթ է ստորագրել՝ Մարտի 1-ին առնչվող, որի համար էլ կանչել են հարցաքննության: Մենք մեկնաբանություն խնդրեցինք Գեւորգ Դանիելյանից, սակայն նա չցանկացավ մանրամասներ հաղորդել ՝ ասելով․ «Եթե նման տեղեկատվություն ունեք, ՀՔԾ-ից ճշտեք, ես նման տեղեկատվության աղբյուր չեմ»։ Խնդրեցինք պարզապես հերքել կամ հաստատել մեր տեղեկությունը, սակայն նա կրկնեց իր վերջին միտքը․ «Ես էլի եմ կրկնում՝ ես նման տեղեկատվության աղբյուր չեմ»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան: Մի տվյալով՝ մոտ 15, մյուսով՝ 22 դիվանագետ է փոխվելու: Խոսքը ոչ դիվանագետների կամ նրանց մասին է, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով: Եր­բեմն դեսպան են նշանակվել նրանք, ում հարկավոր էր պաշտոնից ազատել, երկրից հեռացնել, բայց իշխանությունը չի ցանկա­ցել նեղացնել նրանց: Այդ ճանապարհով դեսպանի պաշտոնին հայտնվեցին, օրի­նակ, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կամ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը: Դեսպանների պաշ­տոններին էին հայտնվում նաև նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին որոշակի ծառայություններ էին մատուցում և, որպես պարգևատրում, գործուղվում արտերկիր՝ զբաղեցնելով կադրային դի­վանագետների տեղը, որոնք տասնյակ տարիներ սպասում էին նշանակման իրենց հերթին: Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է նրանց բոլորին հետ կանչել և նշանակել պրոֆեսիոնալ դիվանագետների, որոնք ունեն համապատասխան կրթություն և աշխատանքի փորձ: Պետք է ենթադրել, որ սրանից կշահի Արտաքին գործերի նախարարության աշխատակազմը, որտեղ բոլոր աշխատողների երազանքը դեսպան նշա­նակվելն է: Բայց լավատեղյակները պն­դում են, որ նշված քանակի դեսպանների թեկնածուներ Հայաստանը չունի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են պետական կառույցների հարաբերությունները: Ինչպես հայտնի է` թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները սկսեցին ստուգել նախկին պաշտոնյաների ու նրանց զավակների՝ զինծառայությունից ազատվելու հիմքերը: Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվողների առաջին ցանկում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տիգրան ու Տրդատ Խաչատրյանները: Տիգրանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բայց եւ հիմա չեն կարող բանակ զորակոչել, քանի որ ամուսնացած է, ունի երկու երեխա: Օրենսդրության համաձայն` երկու երեխա ունենալու դեպքում քաղաքացին ազատվում է զինծառայությունից: Իսկ ահա Տրդատի դեպքում ամեն ինչ այլ է. 22-ամյա Տրդատ Խաչատրյանին ՔԿ-ում մեղադրանք է առաջադրվել` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Միաժամանակ նաեւ Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Ու այս օրերին այդ փորձաքննության պատճառով լարվել են ՀՀ զինվորական քննչական ծառայության եւ ՊՆ-ի հարաբերությունները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ զինվորական քննչական ծառայությունից դատահոգեբուժական հանձնաժողովին ստիպում են շուտ տալ եզրակացությունը, սակայն դատահոգեբուժական հանձնաժողովի անդամները քննիչներին բացատրում են, որ չեն կարող այդքան շուտ գնահատական տալ: Միայն թե բժիշկների այս պնդումները քննիչներն այդքան էլ հիմնավոր չեն համարում: Ու հիմա այս ամենի պատճառով երկու կառույցների մեջ տարաձայնություն է հասունացել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Պետեկամուտների կոմիտեի մաքսային բլոկում խոշոր կադրային փոփոխություններ են եղել։ Իրար ետեւից պաշտոնները լքում են կասկածելի համբավ ունեցող անձինք։ Ուշագրավ է, որ ազատվում են անգամ նրանք, ովքեր վերջին ամիսներին են նշանակվել՝ նոր իշխանությունների օրոք։ Մեզ հայտնի դարձավ, որ պաշտոնանկ են արվել օրեր առաջ նշանակված Գուգարքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ Արթուր Անտոնյանը եւ մաքսայինի եւս երկու աշխատակից՝ մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի եւ Շիրակի տարածաշրջանային բաժինների պետերը։ Համակարգում լուրեր են շրջանառվում, որ նրանք հաշվի չեն առել կաշառք չվերցնելու մասին վարչապետի պահանջները»։