Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից՝ նկատի ունենալով, որ դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ։ Այս մասին հայտարարել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատարվոր Ալեքսանդր Ազարյանը, հայտնում է primenews.am-ը:
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։
Փաստաբան Ռուբեն Սահակյան լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ Իսկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ մնում է իր դիրքորոշմանը, Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, դատարանի որոշումը ապօրինի է, հույս ունեն, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի:
ՀՔԾ-ի արձագանքը դատավոր Ազարյանը որակել է «անգրագետ»` նշելով, որ վճիռներ կայացնելիս առաջնորդվում է միայն օրենքով: «Ես նման անգրագետ արձագանք չէի սպասում ՀՔԾ-ից՝ նկատի ունենալով, որ դեռևս որոշումը չկարդացած, ՀՔԾ-ն գնահատական է տալիս՝ ապօրինի է, թե ոչ», - ասել է Ազարյանն ու այնուհետեւ անդրադարձել սոցիալական ցանցերում կայացված որոշման ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ քննարկումներին։
Նշենք, որ հասարակության մի լայն զանգված հիասթափված է կայացրած որոշումից: Բազմաթի օգտատերեր կասկածի տակ են դնում որոշման անաչառությունը՝ նշելով շահերի բախման հանգամանքը: Բանն այն է, որ Քոչարյանի նախագահության օրոք Ալեքսանդր Ազարյանն աշխատել է նրա աշխատակազմում:
«Գիտեք, ես ոչ հասարակության պատվեր եմ կատարում, ոչ այլ անձի կամ խմբակցության։ Ես առաջնորդվում եմ օրենքով միայն և ոչ թե սոցիալական ցանցերում առկա տրամադրություններով», - ասել է դատավորը՝ հավելելով, որ չի կարող կանխատեսել վերադաս դատարանի որոշումը: «Ես չեմ կարող ասել ոչինչ։ Կբողաքարկե՞ն, թե՞ չեն բողոքարկի, բողոքարկելու դեպքում ի ՞նչ հեռանկար է սպասվում։ Ես չեմ կարող կանխատեսել վերադաս դատարանի որոշումը», - ասել է նա։
Նա նաեւ ուղիղ չի պատասխանել հարցին՝ առ այն, եթե այլ դատավոր քններ գործը, ի՞նչ որոշում նա կկայացներ։ «Ցանկացած դեպքում ցանկացած դատավոր պետք է առաջնորդվի ոչ թե իրավիճակի փոփոխությունով, այլ օրենքով միայն», - ասել է նա։