ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կիսամյակի տվյալներով տպավորիչ է՝ 8․9%։ Այս տարվա հունիսին նույն ցուցանիշը կազմել է 9.6%: Այս մասին օգոստոսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Տնտեսագետի խոսքով՝ թեև հեղափոխության շրջանում տնտեսության մեջ անհանգստացնող երևույթներ նկատվեցին՝ միջոցների արտահոսք, արտաքին պահուստների ծավալների կրճատում, տրանսֆերտների նվազում, բայց այդ բացասական երևույթները, ըստ նրա՝ արդեն վերացել են. «Մայիսից ֆինանսական շուկայում կայունություն է, արտահոսքը դադարել է։ Նաև դրական միտում կա մասնավոր տրանսֆերտների հոսքի մասով, այսինքն՝ կայունացել է, և արդեն դրական իմպուլսներ են ձևավորվում»։
Պայքար ստվերի դե՞մ, թե՞ հարկային տեռոր
ՀՀ տնտեսության ակտիվության ցուցանիշը 2018 թ-ի առաջին կիսամյակում, ըստ ԱՎԾ-ի տվյալների, կազմել է 8․9%։ Այս տարվա հունիսին նույն ցուցանիշը կազմել է 9․6%: Միեւնույն ժամանակ էական աճ է գրանցվել հարկերի հավաքագրման գործընթացում, որը, ըստ փորձագետների, պայմանավորված է ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի դեմ նոր կառավարության վարած պայքարով։
Որոշ մեկնաբաններ էլ պնդում են, որ հարկային մուտքերի աճը, ոչ թե ստվերային տնտեսության դեմ պայքարի ու վարչարարության արդյունավետության բարձրացման արդյուք է, այլ «հարկային տեռորի» հետեւանք:
Բագրատ Ասատրյանն այս կարծիքը չի կիսում եւ հղում է կատարում պաշտոնական տվյալներին, համաձայն որի 2018 թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած ավելի քան 68.5 մլրդ դրամ ավել հարկ է հավաքվել։ Կատարված կոռուպցիոն բացահայտումները, բյուջե վերադարձված գումարները մեծ տոկոս են կազմում։ Սա աննախադեպ երեւույթ է Հայաստանի համար, որը պայամավորված է երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ։
Նրա դրական է համարում շինարարության աճի տեմպերի արագացումը, քանի որ այն տնտեսական գործունեության բարոմետրերից մեկն է: Ըստ ԿԲ նախկին նախագահի՝ մայիսից հետո տնտեսական իրավիճակը կայունացել է, և դրական իմպուլսներ են ձևավորվում: Ասատրյանն արձանագրեց նաև ժողովրդագրական առումով դրական ցուցանիշներ. «Նվազել է մեկնողների և ժամանողների միջև տարբերությունը: Նման պատկեր երկար տարիներ չէր եղել: Սա հնարավորություն է տալիս տարին ամփոփել ներգաղթով: Առաջին վեց ամիսների ընթացքում ժամանածների և մեկնածների թվի միջև տարբերությունը բացասական է՝ 6146, անցյալ տարի այս ժամանակահատվածում 37006՝ այսինքն՝ 31 հազարով կրճատվել է: Սա ամբողջական գնահատականն է կառավարության գործունեության»:
Տնտեսագետ, Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանն էլ գտնում է, որ հարկային վարչարարությունից առկա դժգոհությունները բնական են: «Բանն այն է, որ վերջին ամիսներին խոշոր բիզնեսն ավելի շատ է հարկեր վճարել, քան ընդհանուր հարկագանձումներն են, բնական է, և սպասելի է, որ դրանից խոշորները պետք է դժգոհեն», - նշում է նա ու կրկին հղում անում պաշտոնական տվյալներին:
Այս տարվա հունիսին աճել են տասը ամենախոշոր հարկատուների վճարած հարկերը՝ կազմելով շուրջ 119 մլրդ դրամ։ Իսկ ընդհանրապես հունիս ամսին 150 մլրդ դրամի հարկ է հավաքվել, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ամսին բյուջե մուտքագրվել է 94 մլրդ դրամի հարկ: «Ուստի ՊԵԿ-ի կողմից կիրառած պրեսսինգը ես բնական եմ համարում, քանի որ այժմ չկան կոռուպցիոն գործարքենրը եւ կոռուպցիոն ռենտան, որը վճարում էին նախկին խոշոր գործարարները», - նշում է Մարգարյանը:
Քննարկմանը մասնակից ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, որ կառավարության գործունեությունն իրական ազդեցություն ունեցել է միայն վերջին երկու ամիսների տնտեսական ցուցանիշների վրա, սակայն, այդ ցուցանիշները միայն ամիսների արձանագրած արդյունքներով չի կարելի գնահատել․ ամբողջությամբ դիտարկելով՝ կարելի է նկատել, որ Կառավարության գործունեության առաջիկա քայլերը նախադրյալներ են ստեղծել, որ տնտեսական ակտիվությունը լինի ավելի մեծ տեմպերով։
«Բյուջետային մուտքերը վեց ամսվա կտրվածքով էականորեն ավելացել են, որոնց մեծ մասը հարկային վարչարարության հիման վրա են կատարվում։ Համոզված ենք, որ տարվա 2-րդ կիսամյակում բյուջետային մուտքերն էլ ավելի կլինեն»,-ասաց տնտեսագետը։
Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկինում խոշոր գործարարները ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր, որից «այժմ ազատված են»: Թեպետ վարչապետի հայտարարությունը շատերը դիտարկեցին, որպես հանցագործության մասին հաղորդում, սակայն գլխավոր դատախազությունը դրան ընացք չտվեց, համարելով այն «որպես զուտ քաղաքական հայտարարություն»:
Խնդիրներ եւ անհանգստություններ
Դրական զարգացումներին զուգահեռ տնտեսությունում դեռեւս կան շատ բացասական երեւույթներ, որոնց մասին քննարկման ժամանակ մանրամասն խոսեցին փորձագետները: Բագրատ Ասատրյանի համար անհանգստացնող է արդյունաբերության աճի տեմպերի դանդաղությունը:
«Անհանգստացնող բաներ կան. դա, իհարկե, արդյունաբերության աճի տեմպերի դանդաղումն է: Բոլորս հասկանում ենք, որ այստեղ հիմնական գործոնը լեռնաարդյունաբերությունն է: Կան խնդիրներ, որոնք հենց այսօրվանից պետք է լուծվեն: Այս կիսամյակում դրսևորվեց մի երևույթ, խոսքը արտահանման և ներմուծման ծավալների մասին է: Թիվ մեկ թիրախային հարցը Կառավարության համար պետք է դառնա սա»,- նշեց նա:
Բագրատ Ասատրյանի համար անհանգստացնող է նաև արտահանման և ներմուծման հարաբերակցության շեղումը դեպի ներմուծման ծավալների ավելի բարձր տեմպեր: Նա նաեւ դժգոհեց, որ տնտեսությունում դեռեւս ինստիտուցիոնալ դրական տեղաշարժեր չեն կատարվում: «Եթե քաղաքական դաշտում մեր իշխանությունները նշմարել են զարգացման ուղղությունը, ինչ-որ խնդիրների լուծման եղանակները, ապա տնտեսական քաղաքականության առումով դեռ ունենք բազմաթիվ բացեր»,- նկատեց նա:
«Ես, ցավոք, չեմ նկատում, որ որևէ էական տեղաշարժ լինի բյուջետային կամ ծախսային քաղաքականության մասով: Մեր բյուջեն լցված է անիմաստ ավելորդություններով: Անարդյունավետ ծախսերի խնդիրը շատ սուր է: Երբ նայում ենք սոցիալական ծախսերի ծավալներին, մենք չպետք է ունենանք 30 տոկոս աղքատություն: Սա նշանակում է, որ այս սոցիալական քաղաքականության, ծախսերի մեջ ունենք բազմաթիվ բացեր»,- ասաց Ասատրյանը:
Այստեղ ֆունդամենտալ պրոբլերմներ է տեսնում նաեւ տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: «Գործազրկության մակարդակը շարունակում է անբնական բարձր մակարդակի վրա մնալ՝ մոտ երեք անգամ ավելի բարձր մակարդակի վրա, քան գործազրկության բնական մակարդակն է: Ներդրումային ակտիվությունը ևս պասիվ է, բայց լուրջ ներդրումային ծրագրեր այս ընթացքում չէին էլ կարող լինել, որովհետև ներդրողները սպասում էին, որ այս հեղափոխությունը ինստիտուցիոնալիզացվի խորհրդարանական ընտրություններով», - նշում է նա:
Բագրատ Ասատրյանը նաև անդրադարձավ Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին՝ նշելով, որ հարկային քաղաքականության հեղափոխական փոփոխությունը պետք է լինի փուլերով՝ առաջիկա 3-5 տարիների ընթացքում. «Ես գիտեմ, որ մշակումներ են ընթանում: Ես այստեղ տեսնում եմ մեծ ոգևորություն, բայց նաև ունեմ մեծ անհանգստություն: Հարկային օրենսդրությունն անհնար է կարճ ժամանակահատվածում փոխել, այս գործընթացը պետք է բաժանել փուլերի: Ընդ որում, լուծումները պետք է լինեն շատ խոր քննարկված, վերլուծված»:
Կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ չէ
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, թեպետ առաջին հայացքից թվում է, թե արդյունավետ է, բայց այն ինստիտուցիոնալիզացված չէ, նկատեց Ատոմ Մարգարյանը: «Պետք է ձևավորվի կառույց, և այդ կառույցը պետք է լինի առաջատարը, ոչ թե ուժային համակարգը, հատկապես՝ ԱԱԾ-ը: Նույնիսկ Սահմանադրությամբ նախատեսված է հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ձևավորում՝ որոշակի գրաֆիկով, ժամանակահատվածում»,- նշեց Մարգարյանը:
Նրա խոսքով, սեփականության նույնականացման ուղղությամբ իրականացվող բացահայտումներն այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ գրանցել են իրենց սեփականությունը տարբեր օֆշորներում տարբեր անձանց անուններով: «Եվ երկրորդը, եթե իսկապես ուզում ենք, որ ստվերը բացահայտվի, պետք է ներդնենք երկրի բոլոր քաղաքացիների և երկքաղաքացիների ունեցվածքի, եկամուտների ու ծախսերի հայտարարագրման համընդհանուր համակարգ: Ինձ թվում է, դա մեկ տարվա ընթացքում լուծելի խնդիր է»,-եզրափակեց Ատոմ Մարգարյանը: