Թուրք նախարարը հավաստիացնում է, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն ազդի Թուրքիայի տնտեսության վրա
Ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի առնչությամբ երկու թուրքական նախարարների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն անընդունելի են եւ սահմանափակ ազդեցություն կգործեն Թուրքիայի տնտեսության վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների եւ տնտեսության նախարար Բերատ Ալբայրակը, փոխանցում է Reuters–ը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի համար առաջնահերթ է Վաշինգթոնի հետ խնդիրները երկխոսության եւ դիվանագիտության միջոցով լուծելը։ Ալբայրակը հայտարարել է, որ Թուրքիան աշխատում է կարճաժամկետ եւ միջնաժամկետ արտաքին ֆինանասավորում ապահովելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների նկատմամբ: Սպիտակ տան մամոիլի խոսնակ Սառա Սանդերսը նշել է, որ վարչակազմը «որեւէ ապացույց չի տեսել, որ Բրանսոնը սխալ բան է արել, եւ մենք կարծում ենք, որ նա անարդարության զոհ է դարձել եւ անարդարացիորեն ազատազրկվել է Թուրքիայի իշխանությունների կողմից»:
Հիշեցնենք, որ Բրանսոնին մեղադրում են լրտեսության եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ: Նրան 35 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: