VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ նոր իշխանությունները մարտի 1-ի գործով մեղադրանք են առաջադրել Յուրի Խաչատուրովին, նրա շրջապատի անդամներն անդամագրվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այն էլ ակտիվ գործունեություն ծավալելու ակնկալիքով: Մասնավորապես, ՔՊ-ին անդամագրվել է Խաչատուրովի օրոք ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Միքայել Առուշանյանը: Նա ՔՊ-ին անդամագրվել է ընկերների՝ Արման Ներսիսյանի ու Արմեն Դալլաքյանի հետ, Նորք-Մարաշ համայնքում ՔՊ գրասենյակ բացել, պատրաստվում են ղեկավարել այն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչեւ ՔՊ-ին անդամագրվելը նրանք եղել են Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» (այժմ ՕԵԿ) կուսակցության անդամներ, ավելին՝ Առուշանյանը ԱԺ ընտրություններում եղել է պատգամավորի թեկնածու ՀՎԿ-ից՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշի ընտրատարածքում: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միքայել Առուշանյանը նշեց, թե 9 տարի աշխատել է Խաչատուրովի հետ, եւ չհերքեց, որ միացել է ՔՊ-ին. «Ես աշխատել եմ իր մոտ` 0-ից սկսած, աշխատակազմի ղեկավար եմ մինչեւ հասել: Վրաստանից են իրենք, իմ ծնողներն էլ են Վրաստանից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում պառակտումների պատճառ են դարձել: ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվել է՝ ավագանու ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երեկ` ուշ երեկոյան, սակայն, ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Գեւորգ Պետրոսյանը հայտարարություն էր տարածել՝ դժգոհելով կուսակցության որոշման դեմ: Ըստ նրա` ավագանու ցուցակը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում ԲՀԿ հաջողության հնարավորությունները: Միաժամանակ Պետրոսյանը նշել է, որ եթե Ծառուկյանի ղեկավարած թիմում «առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ…»: Պետրոսյանից հավելյալ մեկնաբանություններ ստանալ մեզ չհաջողվեց. հեռախոսն անհասանելի էր, անպատասխան մնացին նաեւ մեր հաղորդագրությունները: Իսկ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել` ասելով. «Իմ կողմից այդ հայտարարությանը որեւէ մեկնաբանություն չի լինելու»: Մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանը երեկ ներկա չի գտնվել ԲՀԿ քաղխորհրդի նիստին, վերջերս նորմալ հարաբերություններ է ունեցել Նաիրա Զոհրաբյանի հետ, թեեւ ավելի վաղ, երբ Զոհրաբյանը ԲՀԿ նախագահն էր, նրանց մեջ տեւական ժամանակ «պատերազմ էր»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում: Պատճառը կառույցի նոր նախագահի ընտրության հարցն է, որն էլ ազատամարտիկներին մի քանի թևերի է բաժանել: Ինչպես հայտնի է, սեպտեմբերին կայանալիք արտահերթ համագումարում ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում առաջադրելու են Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն ԵԿՄ-ից անջատված ազատամարտիկների 18 հասարակական կազմակերպություն ԵԿՄ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին: Միայն թե Խուդավերդյանին կարող են առաջադրել համագումարի պատվիրակները: Եվ այս օրերին, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Խուդավերդյանի հանդիպումները ԵԿՄ-ականների հետ հենց այդ նպատակն է հետապնդում: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս ՈՒլիխանյանին, որն էլ ասաց, թե իրենք պատրաստվում են արտահերթ համագումարին և մյուս թևի աշխատանքներին էլ չեն խոչընդոտում»»
«Փաստ» օրաթերթը գրում է. Հանրապետության հրապարակում օգոստոսի 17–ին հանրահավաք է սպասվում, որի առանցքում է լինելու Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հանրահավաքի կազմակերպման առումով այլ պատճառներ էլ է տեսնում: «Նախ` վերջին շրջանում բավականին սրվեցին հայ–ռուսական հարաբերությունները: Այսօր էլ Կրեմլին մոտ գտնվող ինֆորմացիոն ռեսուրսները Հայաստանի իշխանությունների վերաբերյալ բավականին քննադատական հոդվածներով են հանդես գալիս: Իմ կարծիքով` արտաքին քաղաքականության տեսանկյունից այս հանրահավաքը Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է հետևյալով. նա ցանկանում է Եվրոպային ու հատկապես Ռուսաստանին ցույց տալ, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին, և ի տարբերություն նախորդ իշխանությունների` ինքն ունի ժողովրդի վստահությունը: Իսկ հանրահավաքի ներքաղաքական բաղադրիչը մի քանի նպատակներ է ենթադրում: Առաջին` այդ հանրահավաքով ազդարարվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: ՔՊ–ն արդեն ունի իր թեկնածուն և նրանք արդեն սկսել են ակտիվորեն PR անել նրան: Երկրորդ` Նիկոլ Փաշինյանն այս հանրահավաքի միջոցով ուզում է տեսնել, հասկանալ, թե 100 օր անց արդյոք վայելո՞ւմ է ժողովրդի համակրանքը, թե` ոչ: Սա շատ մեծ փորձաքար կլինի նրա համար: Եթե ժողովրդի քանակը քիչ լինի, ինքն արդեն խնդիրներ կունենա: Երրորդ` Նիկոլ Փաշինյանը կցանկանա այդ հանրահավաքով կրկին ստանալ ժողովրդի վստահությունը: Վերջին շրջանում ԱԱԾ–ի և ոստիկանության գործողությունները համընդհանուր նույն արձագանքները չստացան: Եղան և՛ հրճվանքով արձագանքողներ, և՛ քննադատողներ: Հիմա Նիկոլ Փաշինյանին պետք է, որ նույն գործելաոճը շարունակելու համար ժողովուրդն իր «դաբրոն» տա: Չորրորդ պատճառն այն է, որ այս 100 օրերի ընթացքում, պայմանավորված հիմնականում օբյեկտիվ և շատ քիչ սուբյեկտիվ պատճառներով, իշխանությունները չկարողացան շատ մեծ ձեռքբերումներ ունենալ սոցիալ–տնտեսական ոլորտներում»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց քաղաքագետը` հավելելով, որ թավշյա հեղափոխությունից շատ կարճ ժամանակ է անցել, և իշխանություններն այլ բան չունեն ասելու, քան այժմ իրականացվող գործողություններն են: «Խոսքը կոռումպացված, օրինախախտ անձանց ձերբակալումներն են, կալանավորումները, և այդ ամենը հասարակությանը ներկայացնելը: Հիմա Նիկոլ Փաշինյանն այդ առումով ուզում է, այսպես ասած, բանակցել ժողովրդի հետ և ընտրել է վերոնշյալ ֆորմատը: Ըստ իս, սակայն, հանրահավաքային ֆորմատները, որոնք ավելի ընդունելի էին հեղափոխությունից առաջ և դրանից շատ կարճ ժամանակ հետո, հիմա այդքան էլ արդիական և կարևոր չեն: Բացի այդ` հեղափոխությունից հետո եկած իշխանությունը պետք է հաշվետու լինի ամբողջ հասարակությանը, նաև` մայրաքաղաքից դուրս: Ինձ համար այսպիսի հանրահավաքային ֆորմատով, միայն մայրաքաղաքում ժողովրդի հետ շփվելն ընդունելի չէ: Հաշվետվությունը ոչ թե հանրահավաքային, այլ մի փոքր այլ ֆորմատով պետք է լիներ»,–ընդգծեց նա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած խոսակցությունների` երկու օր առաջ Վրաստանում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի փեսան. նա Վրաստանում 5000 դոլարով ձեռք է բերել մեքենա: Սակայն Վրաստանի իրավապահները ձերբակալել են կեղծ թղթադրամների կասկածանքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հենց Վարդան Ղուկասյանից: «Տարօրինակ բաներ եք ասում, տենց բաներ չկա, զարմանալի մարդիկ եք, քնից ինչ-որ բաներ եք տեսնում իմ վրա, չկա տենց բաներ»: Միայն թե, նկատենք, որ Ղուկասյանի ձայնը երեկ բավական տխուր էր, նա իր ոճի մեջ չփորձեց անգամ լրագրողներին մեղադրել իբր սուտ լուրեր տարածելու մեջ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ընթացիկ տարվա վեց ամսվա կտրվածքով Պետեկամուտների կոմիտեն առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրել է 445 միլիարդ դրամ հարկ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 68.6 տոկոսը։ Պետեկամուտների կոմիտեն այս տարվա վեց ամիսներին, նախորդի համեմատ, ընդհանուր հարկերի մասով ավելի է հավաքագրել 15.7 տոկոս, խոշորների մասով աճը 17.7 տոկոս է: Համաձայն ՊԵԿ տվյալների՝ տասը ամենախոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 2018–ի առաջին կիսամյակում վճարել է 24.6 միլիարդ դրամ հարկ: Սա բավական հետաքրքիր տվյալ է, քանի որ անցած տարվա նույն ժամանակահատվածում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» հինգերորդն է եղել՝ ընդամենը 9.7 մլրդ դրամով: Ավելին, 2017 թվականը ևս այս կազմակերպությունը «փակել» է հինգերորդ հորիզոնականում: Ընդ որում, ամբողջ անցած տարվա ընթացքում ավելի քիչ են հարկ վճարել՝ 18.67 մլրդ, քան այս տարվա միայն վեց ամիսների ընթացքում:
Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով երկրորդը «Գազպրոմ Արմենիան»–ն է, որը գրեթե միշտ առաջինն է եղել խոշոր հարկատուների ցանկում: «Գազպրոմ Արմենիան» անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4 մլրդ դրամով պակաս է հարկ վճարել՝ 20.7 միլիարդ դրամ մոտ 24.47 մլրդ դրամի դիմաց: Ընդհանրապես, տասնյակում գրեթե նույն կազմակերպություններն են, սակայն զբաղեցրած տեղերի ու վճարումների փոփոխությամբ: «Գրանդ Տոբակոն» ավելացրել է վճարած հարկերի չափը՝ 16.6 միլիարդ դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 14.6 մլրդ–ի համեմատ, սակայն այս անգամ ոչ թե երկրորդ, այլ երրորդ տեղում են՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» առաջատար դառնալու արդյունքում:
Դիրքերը զգալիորեն զիջել է Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Եթե 2017թ. առաջին կիսամյակում ՀԷՑ–ը 11.8 մլրդ դրամով երրորդ խոշոր հարկատուն էր, ապա այս տարի ընդամենը իններորդն է՝ գրեթե կիսով չափ պակաս հարկերով՝ 6.5 մլրդ: Չորրորդ տեղից յոթերորդ հորիզոնական է իջել Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը»՝ 7.6 միլիարդ դրամով: Անցած տարվա առաջին կիսամյակում այս կազմակերպությունը վճարել էր 11.2 մլրդ դրամ, այսինքն՝ այս տարի մոտ 5 մլրդ դրամ պակաս են հարկ վճարել: Ուշագրավ է, որ օրերս ՊԵԿ–ը հայտարարեց, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ին առաջադրվել է 5.2 միլիարդ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն, ի դեպ, արդեն վերականգնվել է: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը բարելավել է դիրքերը երկու աստիճանով՝ բարձրանալով չորրորդ հորիզոնական, թեկուզ վճարած հարկերի տարբերությունը շատ մեծ չէ. 8.16 մլրդ անցած տարի, 8.8 միլիարդ դրամ՝ այս տարի: Լավագույն տասնյակում են նաև «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը»՝ 8.16 միլիարդ դրամ, «Ֆիլլիպ Մորիս Արմենիան»՝ 8.15 միլիարդ դրամ, «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 7 միլիարդ դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»՝ 5.8 միլիարդ դրամ: