Փորձագետ. Քոչարյանի ձերբակալությունը նախադեպ է ամբողջ հետխորհրդային տարածքի համար
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը նախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ հետխորհրդային տարածքի համար, սակայն, Ռուսաստանում ավելի մեծ արձագանք ստացավ Մարտի 1-ի գործով անցնող մեկ այլ անձի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովիններկայացրած մեղադրանքը: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետայում» հրապարակված վերլուծական հոդվածում գրել է ՌԴ Արտաքին և ներքին պաշտպանության խորհրդի նախագահ Ֆյոդոր Լուկյանովը:
Խաչատուրովն անցնում է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ Իրադարձությունների ժամանակ նա Երևանի կայազորի հրամանատարն էր։Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
Նա նշում է, որ փաստացի մեղադրանք է ներկայացված միջազգային գործող պաշտոնյայի, որը ղեկավարում է ռազմական դաշինքը, որի առաջատար պետությունը Ռուսաստանն է: Վերջին հանգամանքը ստիպել է մի շարք մեկնաբանների խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտածված հակառուսական դեմարշի մասին, որի վերաբերյալ շատերն առանց այդ էլ կասկածներ ունեն ՌԴ հետ դաշնակցային կապերի առումով: Սակայն, ըստ վերլուծաբանի, ամեն ինչ այդ տեսակետից դիտարկելը կնշանակեր իրավիճակը պարզունակ ընկալել:
Աշխարհում տիրող միտում է դարձել ներքին իրավիճակի գերակայությունն արտաքինի հանդեպ: Փոփոխությունները հանրության տրամադրություններում, դժգոհությունն իշխանություններից քաղաքական գործիչներին ստիպում է շտապ փոխել կուրսը: Եթե իշխանությունները պատրաստ չեն արագ փոփոխությունների, ալիքը նոր դեմքեր է ի հայտ բերում: Այս համատեքստում Թրամփը, Մակրոնը, Սալվինին և Փաշինյանը նույն կարգի երևույթներ են, սակայն միանգամայն տարբեր մասշտաբի, գրում է հեղինակը:
Հոդվածում ասվում է, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի դատական հետապնդումն ընկալվում է Ռուսաստանում որպես վիրավորական և ցուցադրական քայլ, նույնիսկ հրահրված դրսից:
«Ըստ իս, Երևանում նման որոշում կայացնողները, եթե մտածել էլ են միջազգային հետևանքների մասին, ապա դա արել են վերջին հերթին: Սեփական քաղաքական դաշտի վերաձևման անհրաժեշտությունը՝ պայքարը կոռուպցիայի դեմ և վաղուց կայացած քաղաքական կլաններից ձերբազատվելու դրդումն է եղել «հեղափոխական» իշխանության մղումը: Երբ ղեկավարն իշխանության է գալիս փողոցային բողոքների արդյունքում, նա պետք է ապացուցի իր վճռականությունը: Եվ «կողմնակի վնասը», ինչպես ՀԱՊԿ դեպքում, որը հայտնվել է հիմար վիճակում, անուշադրության է մատնվում»,-ասվում է հոդվածում:
«Դաշնակիցների հետ նման պահվածքը ակնհայտորեն Հայաստանին օգուտ չի բերի: Նման բաներ անել աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում, կնշանակի կրակի հետ խաղալ, որքան էլ ծանրակշիռ լինեն գեներալ Խաչատուրովին ներկայացվող մեղադրանքները: Եվ այն փաստը, որ Երևանի գործողություններում իրականում ոչ մի հակառուսական ենթատեքստ կամ դաշնակցի դեմ դեմարշ անելու ցանկություն չկա, բոլորովին էլ չի երաշխավորում, որ դա կընդունվի որպես մեղմացուցիչ հանգամանք: Ինչպես ասում է ռուսական ասացվածքը՝ պարզամտությունը երբեմն գողությունից էլ վատ է»,-ասվում է հոդվածում: