24.11.2024
Մամուլ. Ի՞նչն է ստիպում լռել նախագահ Սարգսյանին և գնահատական չտալ Քոչարյանի գործին
prev Նախորդ նորություն

ՔԿ նախագահը հանձնարարել է ուսումնասիրել չբացահայտված ծանր հանցագործությունները

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են քննության աջակցության վարչության գործառույթները, դերակատարությունը՝ տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով քննիչներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում։


«Աջակցության վարչության գործառույթների բովանդակությունը հենց իր անվան մեջ կա. պետք է աջակցենք տեղերում գործեր քննող քննիչներին։ Այսօր ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի թիվն աննախադեպ շատ է և դեռ ավելանալու միտում կա։ Ամեն օր ստանում ենք տասնյակ դիմումներ քաղաքացիների կողմից՝ առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով կատարված հանցագործությունների վերաբերյալ և պարտավոր ենք մոբիլիզացնել մեր հնարավորություններն ու յուրաքանչյուր դեպքով ողջամիտ ժամկետներում ապահովել բազմակողմանի և օբյեկտիվ քննության իրականացումը», - ասել է ՔԿ նախագահը։


Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում հարուցված քրեական գործերը մեծամասամբ վերաբերում են տնտեսական բնույթի հանցագործություններին, կոռուպցիոն դրսևորումների միջոցով պետական բյուջեից կատարված բազմադրվագ հափշտակություններին։


«Միայն մեկ քրեական գործի շրջանակներում առգրավված փաստաթղթերը հասնում են մի քանի տասնյակ հազարի, որոնք քննության առարկա են, բայց այդ քրեական գործերի քննությունը չի կարող տևել տարիներ։ Յուրաքանչյուր գործով պետք է ապահովվի մինչդատական վարույթի պատշաճ իրականացումը՝ ողջամիտ ժամկետներում։ Հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է կարողանանք պարզել առերևույթ չարաշահումների, հափշտակությունների իրական հանգամանքները, հիմնավորվելու դեպքում՝ պետությանը պատճառված վնասի իրական ծավալները, առնչություն ունեցած, հնարավոր կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց շրջանակը և նրանց գործողություններին տանք համարժեք իրավական գնահատականներ», - նշել է ՔԿ նախագահը՝ հանձնարարելով վարչությանն իր գիտական ներուժն օգտագործել քննիչներին գործնական աջակցություն ցուցաբերելու հարցում։


Գրիգորյանը հատուկ կարևորել է քրեական գործերի առանձնահատկություններով պայմանավորված քննության մեթոդիկայի, տակտիկական նոր մոտեցումների մշակումը, որը կօգնի քննիչներին՝ ճկունություն ցուցաբերել իր ամենօրյա քննչական գործողությունները պլանավորելիս։


ՔԿ նախագահն անդրադարձել է նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և ընդգծել առկա քրեագիտական հնարավորություններն արդյունավետ և նպատակային կիրառելու անհրաժեշտությունը։


Նա հանձնարարել է քննության աջակցության վարչության ծառայողներին՝ առանձնապես ծանր և ծանր հանցագործություններ գրանցվելու դեպքում անմիջապես մեկնել դեպքի վայր և քննիչին հենց տեղում՝ դեպքի վայրի զննության ժամանակ, ցուցաբերել գործնական աջակցություն՝ քննչական կոմիտեի տեխնիկական հնարավորությունների կիրառմամբ։


«Քննչների մեծ մասը, այո, երիտասարդ են, բայց ունենք նաև փորձառու կադրեր և քննության աջակցության վարչությունը, իր կադրերի տեսական, քրեագիտական գիտելիքներով, պետք է աջակցի քննիչներին, որը կօգնի նաև նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը»,- նշել է Հայկ Գրիգորյանը։


ՀՀ ՔԿ նախագահը միաժամանակ հանձնարարել է վարչությանը ուսումնասիրել ոչ ակներևության պայմաններում տարիներ առաջ կատարված առանձնապես ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ սպանությունների դեպքերի առթիվ հարուցված և չբացահայտված քրեական գործերը, ապացույցները վերստին դարձնել հետազոտման առարկա՝ օգտագործելով փորձագիտական կենտրոնի ժամանակակից հնարավորությունները։


ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիների ընթացքում բավական զարգացել են տեխնիկական հնարավորությունները, և այդ ներուժը պետք է օգտագործել՝ կատարված սպանությունները բացահայտելու համար։