Հայաստանը Թուքիայից չի ստացել հարաբերությունների հաստատման ազդակներ. ԱԳՆ
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել եւ այդ պատրաստակամությունն ամրագրված է ՀՀ նոր կառավարության ծրագրում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա այս հարցին անդրադաձավ՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյոք, Հայաստանը նախաձեռնի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց, քանի որ վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Թուրքիաի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամության մասին:
Այդ հայտարարությանը բավականին բուռն արձագանքեց թուրքական մամուլը: «Մամուլում արձագանքներին ծանոթ ենք, հետևում ենք, բայց Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ մամուլի արձագանքներով քաղաքականություն է իրականացվում», - հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակը՝ հավելելով, որ եթե թուրքական իշխանությունները համապատասխան ազդակներ ուղարկեն, որ պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, հայկական կողմը կդիտարկի այդ ազդակները:
«Դեռ հակառակը՝ դուք ինքներդ հետևել եք Թուրքիայի նախագահի այցին Ադրբեջան, նախորդ շաբաթ Թուրքիայի արտգործնախարարի այցին Ադրբեջան, այնտեղ հնչած հայտարարությունները լրիվ հակառակն են ասում: Այսինքն՝ որևէ ազդակ, ակնարկ կամ ուղերձ, թե Թուրքիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, սահմանը բացել, մենք չունենք», - ասաց նա: