26.11.2024
Կասպից ծով-Սև ծով տարանցիկ միջանցքը կանցնի Ադրբեջանով
prev Նախորդ նորություն

Արցախում ցավում են Քոչարյանի կալանավորման հարցով, բայց հավատում են ՀՀ արդարադատությանը

Լսելով Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին՝ ես ցավ եմ ապրել: Այս մասին VERELQ-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։ Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։


«Ես աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ նա Արցախի Հանրապետության նախագահն էր, իսկ ես՝ Ազգային ժողովի նախագահը: Մեր համատեղ աշխատանքը եղել է բարդ, բայց արդյունավետ»,- ընդգծեց Թովմասյանը՝ համոզմունք հայտնելով, որ դատական գործընթացը կընթանա ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տառին ու ոգուն համահունչ, և ամեն ինչ ժամանակի ընթացքում կպարզվի:


««Ազատ հայրենիք» կուսակցության անդամների գերակշիռ մասը և հատկապես ղեկավար կազմը, վստահելով ՀՀ արդարադատության այսօրվա համակարգին, համոզված է, որ դատական գործընթացն ընթանալու է ոչ թե քաղաքական, այլ իրավական դաշտում: Մենք հավատացած ենք, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր պայքարել ապօրինությունների դեմ: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին, դրա հավաստիությունն ու արդարացիությունը մենք չենք կարող գնահատել, դա դատարանի բացառիկ գործառույթն է: Սակայն ակնկալում ենք, որ ողջ գործընթացը կընթանա առավելագույն թափանցիկության և արհեստավարժության պայմաններում, որպեսզի արդարադատությունն ու հանրային լայն վստահությունը գործընթացի հանդեպ չտուժեն»,- նշեց Արթուր Թովմասյանը:


«Պետք է շեշտադրել, որ մարտի մեկի դեպքերի համակողմանի ու անաչառ հետաքննության հարցում Արցախի բնակչությունը, իշխանությունները և մեր կուսակցությունը առնվազն նույնչափ շահագրգռված ենք, որչափ ՀՀ իշխանություններն ու յուրաքանչյուր քաղաքացի: Մարտի մեկը մեր ազգի նորօրյա պատմության ամենասև էջերից մեկն է, խարազան հայոց պետականության վրա, որի վերջնական իրավական գնահատականը պետք է տրվի, իսկ մեղավորները՝ պատասխան տան: Դա ինքնանպատակ ու հուզականացված գործընթաց չպետք է լինի, այլ պետք է նպատակաուղղված լինի արդարության վերականգնմանը և ապագայում նմանատիպ սև էջերի բացառմանը: Մեզ համար խիստ կարևոր հարց է նաև այն, որ այս գործընթացը չվերաճի հայության մեջ տարանջատման նոր ալիքի, ինչի միտումն արդեն նկատվում է սոցիալական ցանցերում:


«Ղարաբաղցի-հայաստանցի» կամ մեկ այլ արհեստական անջրպետ չի բխում մեր համազգային արժեքներից ու շահերից, ուստի կոչ ենք անում բոլորին առավելագույնս սթափ ու զգույշ լինել այս հարցում և չտրվել հնարավոր շահարկումներին, քանզի իրավունք չունենք խաթարել հայության միասնականությունը պատմության այս վճռական փուլում: Վստահ եմ, որ տարանջատման ու ատելության փոս փորողները մի օր ընկնելու են իրենց իսկ փորած փոսը»…- եզրափակեց Արթուր Թովմասյանը: